Այսօր հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը նշում է ծննդյան 32-ամյակը, որի առիթով նա պատասխանել է Life.panoram.am-ի հարցերին:
– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:
– Երբ 7 տարեկան էի, մայրիկս որոշեց, որ ծննդյանս տոնին պետք է հրավիրել դասարանիս բոլոր աղջիկներին, մոտավորապես 20 երեխա: Անչափ աղմկոտ, բայց շատ ուրախ օր ստացվեց:
– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
– Մի քանիսն են. 17 տարեկանում կատարել եմ կյանքիս կարևոր քայլը, ընդունվել եմ ԵՊՀ անվճար հիմունքներով: 19 տարեկանում ընդունվել եմ աշխատանքի հեռուստատեսություն ու ծանոթացել ապագա ամուսնուս հետ: 23-ում ծնվել է առաջին բալիկս, 29-ում երկրորդը, 31-ում երրորդը: Թերևս սրանք կառանձնացնեմ:
– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
– Երբ հանդիպեցի Գոռին, դրանից հետո ամեն բան փոխվեց:
– Կինն ու տարիքը հակամարտության մեջ, ձեր մեջ ո՞վ է հաղթում:
– Ինձ համար հակամարտությունների տարիքը դեռ սկսված չէ, երևի երբեք չի էլ սկսվի:
– Որն է Ձեր գլխավոր առավելությունը:
– Դրանք շատ են: Ես հիանալի մանկություն եմ ունեցել ու հիմա վայելում եմ դրա արդյունքները: Մենք բոլոր թելերով կապված ենք մեր մանկության հետ, մեր բոլոր խնդիրները, կոմպլեքսները գալիս են մանկությունից: Ես ապրում եմ հանգիստ՝ առանց կողակցիս, հարազատիս, ընկերոջս, գործընկերոջս որևէ բան անդադար ապացուցելու մոլուցքով:
– Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:
– Շատ ուրախ եմ, որ երկար մտածեցի այս հարցին պատասխանելիս:
– Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:
– Դպրոցական տարիներին մի քանի լեզու կսովորեի:
– Կյանքն ի՞նչ գույնի ունի ձեզ համար:
– Պաստելային գույների մեջ:
– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:
– Քայլում եմ առաջ, երբեք հստակ չեմ պլանավորում. ենթագիտակցությանս մակարդակով, սակայն ճանապարհը գիտեմ, բայց այդ մասին ոչ մտածում եմ, ոչ էլ բարձրաձայնում, ուղղակի Աստծուն հավատալով՝ գնում եմ առաջ: