Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է Համահայկական բարեգործական միության (AGBU) լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքին:
Մխիթարյանի հետ են եղել նաև իր մայրը՝ Մարինա Թաշչյանը, քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը և հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթին, որը, ըստ լուրերի, Մխիթարյանի հարսնացուն է:
Այդ ընթրիքին ներկա է եղել նաև Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորեկաեֆը, ում հետ էլ հենց լուսանկար է հրապարակել Մխիթարյանը.
«Վայելեցի գալա-ընթրիքը ՀԲԸՄ-ի հետ՝ իմ սիրելի ընկեր Յուրի Ջորկաեֆի ընկերակցությամբ: Միջոցառումը բարձրացրեց Հայաստանում ԹՈՒՄՈ և ՀԲԸՄ կենտրոնների համար ֆոնդերը: Հիանալի առիթ հիանալի մարդկանց հետ: Հատուկ շնորհակալություն Ժոզեֆ Ուղուրլյանին ու նրա կնոջը»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` երեկոյի ընթացքում հայ ֆուտբոլիստը պարգևատրվել է Հայաստանի ու աշխարհի երիտասարդների համար գործադրած մարդասիրական ջանքերի և իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար: