Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Երևանում բնակարանները թանկացել ու դեռ թանկանում են. «Ժողովուրդ»

Անշարժ գույքի շուկայում գներն աճում են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի` Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն աճել են սեպտեմբերից, և, մասնագետների կանխատեսումներով, դեռ երկար ժամանակ չեն նվազելու:

Պատճառը մայրաքաղաքում անշարժ գույքի պահանջարկի ավելացումն է։

«Միայն Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են»,- գրում է թերթը։

Ըստ թերթի` մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները և բնակություն հաստատում կա՛մ Երևանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան: