Դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի՝ «Natural reverb» նախագծի մասին Life.panorama.am-ը բազմիցս պատմել է: Դերասանուհին մեր այսօրվա զրույցում նշեց, որ նախագիծը կանգ չի առել եւ ակտիվորեն զբաղվում է դրանով, ընդամենը օրեր առաջ էլ առաջին անգամ ձայնագրման ստուդիայում է նոր երգ ձայնագրել.
«Նոր երգս «Natural reverb» չէ, այն տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից, քանի որ ձայնագրվել ենք ձայնագրման ստուդիայում: Բայց սա չի նշանակում, որ շեղվել ենք մեր սկսած գործից, պարզապես շատ էինք ուզում Բիոնսեի ստեղծագործություններից մեկը համադրել հայկական էլեմենտներով, ինչը անհնար էր անել առանց ձայնագրման ստուդիայի, քանի որ շատ գործիքներ պետք է օգտագործվեին: Իհարկե, դարձյալ մեկ կադրով ենք նկարահանել, ես էլ առանց ընդհատումների եմ երգում, բայց առանց ակուստիկայի: Շատ շուտով այն կթողարկենք, եւ ես էլ անհամբեր կսպասեմ մարդկանց արձագանքներին»,- պատմեց Նազիկը եւ հատուկ շնորհակալություն հայտնեց երաժիշտներին, ովքեր օգնել են իրեն ավելի տպավորիչ դարձնել իր կատարումը:
Նազիկը արդեն պատրաստվում է «Natural reverb»-ի շրջանակում իրականացնել հաջորդ երգը, սակայն չբացահայտեց, թե որ երգն է ընտրել: Իր խոսքով՝ ինքն ու ամուսինը շատ երկար են մտածում երգերի ընտրության շուրջ.
«Հիմնականում ընտրում ենք տեղանքը, ապա դրան համապատասխան երգը: Պատահաում է նաեւ հակառակը. Երբ շատ ենք սիրում տվյալ երգը, փորձում ենք դրան համապատասխան տեղանք գտնել»,- նկատեց նա:
Նազոն իր «Natural reverb» ծրագիրը սկսեց անցյալ տարվա դեկտեմբերին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ցանկություն ունի հոբելյանական ամսին երկրորդ ակումբային համերգն իրականացնել:
«Առաջին համերգից շատ եմ ոգեւորվել, դա ուրիշ զգացողություններ էր, որ ուզում եմ կրկին ապրել: Եթե համերգը չստացվի, ուրեմն դեկտեմբերին կփորձեմ գոնե նոր երգ ներկայացնել՝ կապված իմ նախագծի մեկ տարվա հետ»,- հավելեց նա:
Խոսելով թատրոնում իր գործունեությունից՝ Նազիկ Բաղդասարյանը պատմեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ամանորյա ներկայացումներ բեմադրելու շուրջ:
«Բեմադրվում է «Գեղեցիկուհին ու հրեշը» ներկայացումը, որտեղ ես մարմնավորում եմ գեղեցկուհուն՝ Բելլին: Սա մյուզիքլային ներկայացում է լինելու եւ ես էլ երգելու եմ, ինչը ինձ միայն հաճույք է պատճառում: Ի դեպ՝ Ամանորից հետո այս ներկայացումը կլինի մեր թատրոնի խաղացանկային ներկայացումների շարքում եւ հաճախ այն կխաղանք: Ասեմ նաեւ, որ հիմա մեր թատրոնում մեծ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներկայացումները լինեն լի դեկորներով ու գեղեցիկ հագուստներով, որը աչքի համար հաճելի է»:
Նազիկ Բաղդասարյանը ավելի քիչ է հեռուստատեսյաին նախագծերում ներկայանում, խոսելով պատճառների մասին՝ դերասանուհին նշեց.
«Նախ ասեմ, որ հիմա հրավեր ունեմ 16 մասից բաղկացած մի ֆիլմաշարից, որի նկարահանումները դեռեւս սկսված չեն: Ինչ վերաբերվում է քիչ ներգրավվածությանս, ապա պետք է ասեմ, որ սերիալային ժանրը այնքան էլ չեմ սիրում, հատկապես երբ դրանք շատ երկար են տեւում, որի ընթացքում մոռանում ես անգամ թե կերպարդ ինչ բնույթ ու ներգործություն ունի, սցենարի հեղինակն էլ կերպարդ բազմակի փոփոխությունների է ենթարկում»:
Նազիկի որդին արդեն հինգ տարեկան է, հարցին, թե չի՞ մտածում երկրորդ բալիկի մասին, պատասխանեց.
«Հիմա ես ու ամուսինս շատ ենք կենտրոնացած մեր աշխատանքի վրա, անգամ տղայիս շատ ժամանակ չեմ հասցնում տրամադրել, բայց այդ հարցը հիմա ամենաշատն են մեզ տալիս: Վերջերս բժշկուհուս տեսա ու նա էլ հարցրեց, ավելի ճիշտ ասաց, որ արդեն ժամանակն է մտածել կրկին մայրանալու մասին, ես էլ խոստացա իսկապես մտածել դրա շուրջ: Այնպես որ, բժշկուհուս խոստացել եմ, իսկ մնացածը Աստծո կամքը թող լինի»: