Արմեն Զաքարյանի հրապարակումը.
«Այնպես չպետք է լինի, որ Հայաստանը լռի ՀԱՊԿ-ում… նման բաներ արդեն տեսել ենք, որ խոցել են մեր արժանապատվությունը։
Հայաստանը պետք է պնդի ու պահանջի, որ իր ներկայացուցիչը շարունակի գլխավորել ՀԱՊԿ-ն մինչև նախատեսված եռամյա ժամկետի ավարտը` առաջադրելով նոր թեկնածու։ Պետք է պնդի, եթե անգամ չի էլ կամենում իր ներկայացուցչին տեսնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Սա խաղ է, որ պետք է խաղալ արժանապատվորեն ու քոնն առաջ տանելու սկզբունքով։
Հնարավո՞ր է, որ Հայաստանի պահանջն անտեսվի… իհարկե, հնարավոր է։ Բայց… այդուհանդերձ, Հայաստանը պետք է պնդի իր ասելիքը, որպեսզի, եթե իր օրինական իրավունքները չհարգվեն, հետագայում կարողանա մյուսների հետ բազմաբնույթ ու բազմապիսի խաղերում կիրառել խաղի նույնական կանոններ`ըստ անհրաժեշտության ու երբ հարմար լինի դա անելը։ Կյանքն այդ քվեարկությամբ չի ավարտվելու, ու առաջիկա տարիներին էլ յուրաքանչյուրի շահերի վերաբերյալ տարբեր որոշումներ առնելու շատ ու շատ առիթներ են լինելու, աշխարհը տեկտոնիկ վայրիվերումների մեջ է, որևէ մեկը որևէ մեկին առջևում քաղցր օրեր չի խոստանում, ուստի և հետևաբար, եթե մեր պետության իրավունքները չեն հարգվի, դա պետք է հրապարակավ արձանագրել ու մատնացույց անել։ Մնացածի մասին` ոչ այստեղ…»