Հայտնի են «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» մրցույթի արդյունքները, որն անցկացվում էր սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող «Համահայկական մրցանակաբաշխություն–2016»-ի շրջանակներում։ Ի տարբերություն նախորդ տարիների, մրցանակաբաշխության ժանրային սահմաններն այս տարի ընդլայնվել էին և ընդգրկել պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան, նաև՝ երիտասարդական գրականություն ժանրերը։ Մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին։
Մրցույթի կանոնակարգի համաձայն, բոլոր տեքստերը պետք է լինեին անտիպ և ներկայացվեին ծածկանունով։ Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն ժանրերի համար նախատեսված են եղել 3-ական մրցանակներ, իսկ երիտասարդականի համար՝ 2-ական։ Ըստ այդմ, մրցանակաբաշխության արդյունքների համաձայն, արձակում 1-ին տեղն զբաղեցրել է Արմեն Շեկոյանը, 2-րդ տեղը՝ Գրիգոր Ջանիկյանը, 3-րդը՝ Էդուարդ Խաչիկյանն և Ալեքսանդր Թոփչյանը։ Պոեզիայում 1-ին տեղը՝ Հուսիկ Արան, 2-րդ և 3-րդ տեղերը (հավասար միավորներով)՝ Սամվել Կոսյանն ու Վահե Արսենը։ Դրամատուրգիայի 1-ին տեղը բաժին է հասել Գուրգեն Խանջյանին, 2-րդը՝ Կարինե Խոդիկյանին, 3-րդը՝ Լիա Իվանյանին։
Մանկապատանեկան գրականության ժանրում 1-ին տեղն զբաղեցրել է Ղուկաս Սիրունյանը, 2-րդ և 3-րդ տեղերը (հավասար միավորներով)՝ Լիպարիտ Սարգսյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։ Երիտասարդական գրականության մեջ՝ արձակի ժանրում, հաղթող է ճանաչվել Նառա Վարդանյանը, իսկ պոեզիայի մեջ՝ Էդուարդ Հարենցը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում