Մշակութաբան Աղասի Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Նիկոլը, որպես վարչապետ իրավունք չունի նման մակերեսային դատողություններ անել սոցիալական հիմնախնդիրների մասին։
Սոցիալական խնդիրը շատ խորը ու բազմաշերտ խնդիր է ու պոպուլիստական դատողությունների մակարդակում դրանք հնարավոր չէ լուծել։
Այդ պրոբլեմի պատճառներից մեկը շահագործման ամենուր տարածված պրակտիկան է ու աշխատավորների անպաշտպան վիճակը։ Երկրում առկա է աշխատող աղքատների հսկայական բանակ, ովքեր աշխատում են օրական 10-14 ժամ ու ստանում 100 000-120 000 դրամ աշխատավարձ։
Ու լիքը մարդ, չնայած այս ճորտական շահագործմանը, ձգտում է աշխատանք ճարել։ Պետությունը մատը մատին չի տվել այս խնդիրը լուծելու համար, որովհետև միշտ էլ սպասարկել է հարուստների շահերը։ Նիկոլը ասում է, որ հիմա էլ է այդպես լինելու։ Աղքատության պրոբլեմին ծանոթ հետազոտողները գիտեն, որ բնակչության մի զգալի հատվածի մեջ տարածված է աղքատության մշակույթ կոչվող բարդ պրոբլեմը, ինչի պատճառով շատ աղքատ ընտանիքներ հայտնվել են վերարտադրվող աղքատության փակ շրջափուլի մեջ, որտեղից դուրս գալը առանց պետական լուրջ քաղաքականության հնարավոր չէ։
Մեղադրել աղքատներին իրենց իսկ աղքատության համար, նշանակում է ոչնչով չտարբերվել հարուստների շահերը սպասարկող նախկին իշխանություններից։ Բայց Նիկոլը, երբ նեղն է ընկնում, հարուստները չէ որ փողոց են դուրս գալիս իրեն պաշտպանելու։
Մի խոսքով, չի կարելի նման լուրջ խնդրին նման մակերեսային ու պոպուլիստական վերաբերմունք ցույց տալ։
Սա սոցիալական խնդիր չէ միայն։
Սա շատ լուրջ քաղաքական խնդիր է, քանի որ ցույց է տալիս, թե հասարակության որ խմբերի շահերն է պատրաստվում սպասարկել ժողովրդի անունից խոսացող քաղաքական թիմի առաջնորդը։ Իհարկե, պրոբլեմ կա ու պետք է պրոբլեմի լուծման ուղիներ գտնել։ Բայց պրոբլեմը չի լուծվում աղքատ մարդկանց վրա հոխորտալով»։