Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ճանաչված թավջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր և մանկավարժ Լևոն Աբրահամյանը։ Արվեստագետը 1940-ականների վերջին ծնողների հետ Եգիպտոսից տեղափոխվել է Երևան, ուսանել Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար և երգեհոնահար։ Եղել է անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի կոնցերտմայստերը, բեմ է բարձրացել թավջութակահարներ Գերոնտի Թալալյանի, Մեդեա Աբրահամյանի և ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ, 1970-ականների կեսին դիրիժորական գործունեություն է սկսել Երևանի օպերային, կոմեդիայի թատրոններում, ֆիլհարմոնիկ նվագախմբում: Մոտ 35 տարի հանդիսացել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգեհոնահարը:
Լևոն Աբրահամյանը 1990 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ 1992թ. նա հիմնել է Լոս Անջելեսի առաջին հայկական կամերային նվագախումբը, որն ունեցել է ընդամենը երկու տարվա կյանք: Անվանի արվեստագետը երկար տարիներ բեղուն բեմական կյանք է ունեցել, հարգված էր ամերիկահայության շրջանում։
Լևոն Աբրահամյանի հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 12-ին, երեկոյան ժամը 7-ին, Սուրբ Ղևոնդյայց Մայր տաճարում։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ցավակցում է Լևոն Աբրահամյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին: