Արամ MP3-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ հայտնի «Հանինա» երգի հիման վրա: Տեսահոլովակի առաջին իսկ կադրերը հիշեցնում են 80-ականները ու անմիջապես հաղորդում բարձր տրամադրություն: Life.panorama.am-ի հետ զրույցում Արամը պատմեց, որ հեշտ չեն իրականացրել այս տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն ու լուսանկարներ տրամադրեց:
«Իրականում ուզում էինք ընտրել հին ու սիրված երգ, որը կկարողանայինք նորովի ներկայացնել, և երկար փնտրտուքներից ու քննարկումներից հետո ի վերջո ընտրեցինք «Հանինա» երգը, որը, կարծում եմ, շատերին է ծանոթ»,- նշեց նա ու շարունակեց.
«Գործիքավորումից հետո ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ որոշեցինք նման ոճի տեսահոլովակ նկարահանել, որի նմանը մեր օրերում չկար, և հետո այն ամենաշատը կհամապատասխաներ երգին: Առաջին քայլը եղավ Նարա Շլեպչյանի հետ հանդիպումը. Մենք գնացինք նրան հյուր և խնդրեցինք ձայնագրվել հետևյալ նախադասությունը «Այժմ ելույթ կունենա Արամ MP3 անսամբլը»: Դրանից հետո Հանրային հեռուստաընկերությունից խնդրեցինք մեզ տրամադրել արխիվային կադրեր: Բայց քանի որ այժմյան տեսախցիկներով պարզապես հնարավոր չէր ստանալ հին որակը, որոշեցինք տեսահոլովակը նկարահանել VHS տեսախցիկով, ու այստեղ էլ հաջորդ խնդիրը առաջ եկավ՝ նման տեսախցիկ գտնելը շատ բարդ էր, սակայն ի վերջո մեզ հաջողվեց այն գնել List.am կայքում, գտանք համապատասխան կասետներ ու ամբողջ տեսահոլովակը նկարահանեցինք դրանով, որպեսզի արհեստական ոչինչ չլիներ»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am