Երեկ արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր երգչուհին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է ոչ միայն ստացած անակնկալներից, այլև անկեղծացել է անձնական կյանքի մանրամասներով:
«Ծննդյանս օրը երեկ էր, բայց ես դեռ կարծես հետ չեմ վերադարձել. Հուզված եմ ու անսահման ուրախ, որ ինձ շրջապատում են ջերմ, հոգատար ու ինձ սիրող մարդիկ: Քանի որ երգում եմ ռեստորաններից մեկում, հենց բեմում եղան առաջին անակնկալները` ընկերներս շնորհավորեցին ինձ, նրանց գեղեցիկ անակնկալից անգամ չկարողացա շարունակեմ երգել: Շատ նվերներ, ծաղիկներ, փուչիկներ եմ ստացել ընկերներիս կողմից, ուրախ եմ, որ նրանց ունեմ իմ կյանքում: Բավականին մեծ նվեր ստացա պրոդյուսերիս` Արայիկ Գաբաջյանի կողմից, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի` առաջիկա օրերին բոլորը կիմանան: Ես առանձահատուկ ուզում եմ նշել, որ Արայիկն իմ տան անդամն է, նա ուղղակի իմ պրոդյուսերը չէ, ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն, որ ինձ հետ է ամեն հարցում: Նա ինձ շատ նվերներ է մատուցել, բայց այն, որ երկու տարի արդեն աշխատում ենք միասին, ինձ համար արդեն մեծ նվեր է: Ես չգիտեմ` կգա արդյոք մի օր, որ մենք այլևս միասին չաշխատենք, բայց եթե Աստված չանի նման օր էլ գա, ուրեմն նա հաստատ կշարունակի ինձ համար մնալ իմ տան անդամը»,- պատմեց Գայան ու ընդգծեց` իր համար ընկերությունը մեծ արժեք ունի.
«Ես նվիրվող մարդ եմ, եթե սիրեցի, եթե ընկերացա, ուրեմն դա ողջ կյանքի համար է: Եթե մարդիկ իմ հանդեպ լավ տրամադրված լինեն, թողնեն իրենց սիրեմ ու իրենք էլ ինձ սիրեն, ուրեմն նրանք իսկապես երջանիկ կարող են լինել, որովհետև ընկերության համար ես անգամ կյանքս կտամ: Փառք Աստծո, այսօր Հայաստանում, որտեղ ոչ մի հարազատ չունեմ, ձեռք եմ բերել ինձ համար հարազատ ընկերներ»,- նկատեց նա:
Ի դեպ` Գայա Արզումանյանը շնորհավորանքներ ստացել է ոչ միայն ընկերներից.
«Նախ մի հետաքրքիր գաղտնիք բացեմ, երեկ ոչ միայն իմ, այլև հարզատ քրոջս ծննդյան օրն էր. Նա իմ ծնունդից ուղիղ հինգ տարի հետո ծնվել է նույն օրն ու նույն ժամին, ինչ ես: Թեև մենք իրարից հեռու ենք գտնվում, բայց ինձ համար երջանկություն է նաև ընտանիքիս շնորհավորանքները լսելը: Երեկ չէին մոռացել ու իրենց ջերմ խոսքերն են ինձ հղել նաև Ստեփանակերտի ընկերներս ու հարզատներս, ինչպես նաև այնտեղի ու այստեղի նախարարություններից եմ շնորհավորանքներ ու նվերներ ստացել, որոնց մասին չեմ մանրամասնի: Շնորհակալ եմ անխտիր բոլորին, որ այդքան ջերմ են իմ հանդեպ»,- նշեց նա:
Գայա Արզումանյանն ինքն իրեն մի բան է ցանկանում.
«Վերջին չորս տարին, ինչ Ստեփանակեևտից տեղափոխվել եմ Երևան, շատ եմ աշխատում, ինձ կարող են ամեն ամիս նորովի տեսնել: Ինքս ինձ մաղթում եմ, որ նույն տեմպով շարունակվի գործունեությունս, քանի որ ինչքան փոփոխություն լինի, այնքան հետաքրքիր կլինեմ իմ հանդիսատեսին: Ինձ տարիների գումարը, մեծանալը չի վախեցնում, քանի որ ինքս չեմ զգում այդ տարիքը. Ես սիրում եմ կյանքը, չեմ սիրում տխրել ու ուզում եմ միշտ այսպիսին մնալ»,- հավելեց նա:
Մեր հարցին, թե կարիերայից զատ Գայան չի՞ մտածում անձնական կյանքը դասավորելու մասին` ամուսնանալ ու երեխաներ ունենալ, պատասխանեց.
«Ինձ համար ընտանիք հասկացողությունը շատ թանկ արժեք է: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սերն է իշխել, կնոջ հանդեպ անսահման հարգանքն ու նվիրվածությունն է տիրապետել: Մենք հինգ երեխա ենք ու հինգս էլ սիրված, փայփայված ենք մեծացել: Իսկ հիմա այնքան փոխվել է ամեն բան, որից հիասթափություն եմ ապրում: Իմ կերպարս մի կողմ թողած` ես ադաթներով մեծացած աղջիկ եմ ու կցանկանամ կողքիս լինի պապայիս նման տղամարդ, ով բառի բուն ու իրական իմաստով է տղամարդ: Կողակիցը երբեք չպետք է թողնի, որ իր կնոջ օրն ուղղակի հենց այնպես անցնի, կինը պետք է մինչև կյանքի վերջ սիրված լինի. Սա ես տեսել եմ իմ ընտանիքում ու կցանկանամ, որ ինքս էլ նման ընտանիք ունենամ: Դեռևս չեմ գտել այնպիսի տղամարդու, ում հետ ամուսնանալով` ամեն առավոտ շնորհակալ կլինեմ Աստծուն»:
Գայա Արզումանյանը, չգտնելով համապատասխան տղամարդու, չի մտածում նաև միայնակ մայր լինելու մասին, այս հարցում նա անգամ հատուկ սկզբունքներ ունի.
«Ես երբեք միայնակ մայր չեմ լինի, քանի որ չեմ ընդունում այդ գաղափարը: Երեխան պետք է լիարժեք ընտանիք ունենա, ոչ թե իմ քմահաճույքի համար առանց հայր մեծանա: Բացի այս` ծնողներիս հանդեպ հարգանքն ինձ կյանքում թույլ չի տա, որ մտածեմ նման քայլերի մասին: Ես հույսով եմ և սպասում եմ, որ իմ կյանքում կգտնվի այն տղամարդը, ում հետ լիարժեք ընտանիք կդառնանք, երբ գա այդ օրը, ընտանիքս ատամներովս էլ կպահեմ»,- ավարտեց երգչուհին: