Samsung Electronics հարավկորեական ընկերությունը պլանավորում է ճկուն Էկրանով Galaxy F սմարթֆոնի վաճառքներն սկսել 2019 թվականի մարտին: Այդ մասին նոյեմբերի 12-ին հայտնել է Yonhap գործակալությունը:
Ինդուստրիայում նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերությունը Galaxy S10 ֆլագմանական սմարթֆոնը կներկայացնի 2019 թվականի փետրվարին, իսկ մարտին՝ Galaxy F-ը և S10 մոդելը, որը կաշխատի հինգերորդ սերնդի (5G) շարժական ցանցով: Մեկնաբանները կարծում են, որ ճկուն Էկրանով սմարթֆոնի շնորհանդեսը կարող է տեղի ունենալ շարժական ինդուստրիայի՝ փետրվարին կայանալիք Mobile World Congress միջազգային ցուցահանդեսում, իսկ մարտին պլանավորված է վաճառքների պաշտոնական մեկնարկը: Մինչ այդ Samsung Electronics-ի IT և շարժական սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն հայտարարել է, որ կթողարկվի առնվազն 1 միլիոն Galaxy F:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, նորույթը կարժենա մոտավորապես 1,8 հազար դոլար: 2016 թվականի հոկտեմբերին Samsung Display հարավկորեական ընկերությունն ԱՄՆ-ում արտոնագրել է OLED ճկուն դիսփլեյների ստեղծման տեխնոլոգիան, իսկ այս տարվա հուլիսին նա ճկուն էկրանը ներկայացրել է հասարակայնությանը: Samsung-ը էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է և Apple-ի մրցակիցը շարժական սարքերի շուկայում: Կորպորացիայի կենտրոնակայանը գտնվում է Սուվոն հարավկորեական քաղաքում: Samsung-ի շրջանառությունն անցյալ տարվա ընթացքում գերազանցել է 220 մլրդ դոլարը: