Հարսանիք, որին անհամբերությամբ սպասում էին միլիոնավորները. միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին վրացուհի մոդելի հետ ամուսնացել է Վրաստանի հին մայրաքաղաքում:
Երաժիշտ Բերա Իվանիշվիլիի և նրա հարսնացուի՝ մոդել Նանուկա Գուդավաձեի պսակադրությունը նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Վրաստանի գլխավոր տաճարում՝ Սվետիցխովելիում:
Մցխեթի բնակիչների ասելով՝ վերջին անգամ քաղաքում նման հանդիսավոր պսակադրություն են տեսել, երբ ամուսնացել են Բագրատիոնների դինաստիայի ժառանգները:
23-ամյա Բերա Իվանիշվիլիի և Նանուկայի պսակադրությունից առաջ նրանց ամուսնությունն օրհնել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: Պսակադրությանը ներկա են եղել իշխանության ներկայացուցիչներ և բարձրաստիճան անձինք: Նրանց թվում էին՝ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձան և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել Սվետիցխովելիի ներքին բակ: Հարսանիքի բուն արարողությունն անցկացվել է ավանդական վրացական ոճով:
Սկզբում խորանի մոտ է շտապել Բերան՝ տղամարդու վրացական ազգային հագուստով: 20 րոպե անց տաճարի գլխավոր մուտքի մոտ կանգնել է հարսի շքեղ ավտոմեքենան. Նանուկան գեղեցիկ ճերմակ զգեստով էր՝ նուրբ հարսանեկան ծաղկեփնջով: Ապագա ամուսնու մոտ նրան ուղեկցել է իր հայրը: Նորաթուխ ամուսիններն իրենց երջանկությունը բազմաթիվ հյուրերի հետ նշել են Կոջորիի մերձակայքի 50 հեկտար տարածք զբաղեցնող հանգստի պերճաշուք համալիրներից մեկում:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, միայն տոնի ձևավորման ծաղիկների վրա ծախսվել է կես միլիոն լարի (մոտավորապես 185 հազար դոլար): Ամենայն հավանականությամբ, Բերա և Նանուկա Իվանիշվիլիների ամուսնությունը կտոնեն երեք օր:
Նշված համալիրը Իվանիշվիլիների ընտանիքի կողմից վարձակալված և մյուս հյուրերի ու այցելուների համար փակ է մինչև նոյեմբերի 13-ը: Բերա Իվանիշվիլիի ընտրյալի մասին այնքան Էլ շատ բան հայտնի չէ. նա նախկին մոդել է և Բիձինա Իվանիշվիլիի ընկերոջ դուստրը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, 14 տարեկան Նանուկան դարձել է վրացի դիզայներ Բիչոլայի բրենդի դեմքը: Այժմ աղջկան անվանում են ֆեշն-բլոգեր: Բերան բազմաթիվ երգերի հեղինակ է ու կատարող: Նա համերգներ չի տալիս, բայց իր ստեղծագործությունը հրապարակում է Համացանցում: Նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ են հավաքում: 2010 թվականից երաժիշտն ունի իր ձայնագրման ստուդիան՝ Dream-ը:
View this post on Instagram