Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.
«Չեմ հիշում, որ ՀՀ պատմությունում որևէ կուսակցություն հայտարարության նախագիծ դնի քննարկման։ ՀՀԿ-ն դրեց։ Լուրջ տեքստ է, կարելի է ասել․ ՀՀԿ նախընտրական նարատիվն է։
Հուսով եմ մոտ օրերս հնարավորություն կունենամ շատ մանրամասն անդրադառնալու հայտարարությանը, բայց հիմա մի կարևոր բան նշեմ․ մի քանի անգամ գրել եմ, որ շատ լավ կլինի, որ ընդդիմադիր ուժերը (առաջին հերթին՝ հենց ՀՀԿ-ն) խոսեն նաև իրենց սխալներից։
Չէի ասի, որ այս տեքստում ՀՀԿ-ն անկեղծ խոսում է բոլոր սխալներից, բայց իրական սխալների գոնե մի մասին անդրադառնալն արդեն շատ դրական երևույթ եմ համարում։
Կան որոշ հակասություններ․ օրինակ՝ ավանդական արժեքները պաշտպանելուց խոսելն ու չնշելը, որ այդ ավանդական արժեքներին որպես սպառնալիք ընկալվող օրինագծերի և արդեն ընդունված օրենքների մի զգալի մասը հենց ՀՀԿ-ն է առաջ քաշել և ընդունել խորհրդարանում։
Վիճակագրության մասով էլ որոշ խնդիրներ եմ տեսնում․ հասկանալի է, թե ինչու է համեմատվում 2006 թվականը 2017-ի հետ, բայց պարզ թվաբանությունը հերիք չէ թվերը օբյեկտիվորեն համեմատելու համար։ Կոպիտ ասած՝ 2006 թվականի և 2017 թվականի մեկ դրամը նույն գնողունակությունը չունեն։ Հուսով եմ սա հաշվի կառնվի փաստաթղթի վերջնական տարբերակում։
Առայժմ այսքանը։
Հ․Գ․ Ուղերձը ճիշտ է ընտրած, իմ կարծիքով․ միակ իսկական ընդդիմությունը Նիկոլին ՀՀԿ-ն է այս պահի դրությամբ։ Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ԲՀԿ-ն ինչպես է դիրքավորվելու նախընտրական դաշտում»։