Հայաստանի կույրերի միավորումում երկար տարիներ կոռուպցիոն սխեմաներ են գործել
Advertisement 1000 x 90

Հայաստանի կույրերի միավորումում երկար տարիներ կոռուպցիոն սխեմաներ են գործել

Հայաստանի կույրերի միավորում (ՀԿՄ) անդամները Պետական եկամուտների կոմիտեին կոչ են անում ուշադրություն դարձնել հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերին: Նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿՄ անդամ Պատվական Ռևազյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ շարունակ ՀԿՄ շենքերը վարձով հանձնելիս գործել են կոռուպցիոն սխեմաներ:

«Շատերն անգամ չեն կասկածում այն մասին, թե ՀԿՄ-ին խորհրդային տարիներից ինչպիսի վիթխարի հարստություն է ժառանգություն հասել: Միայն Երևանում կա Հայաստանի կույրերի միավորմանը պատկանող 115 շենք: Դրանից բացի, ամբողջ հանրապետությունում՝ Վանաձորում, Աշտարակում, Գյումրիում, Կապանում և այլուր կան ԽՍՀՄ տարիներին գործած տարբեր կոմբինատների շենքեր, որտեղ աշխատել են տեսողությամն խանգարումներով մարդիկ: ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ արտադրական սարքավորումները վաճառվել են»,- հայտնեց նա:

Ռևազյանը նշեց, որ ՀԿՄ ղեկավար կազմը վերևում նշված բոլոր շենքերը իր մտերիներին է վարձով տվել՝ շուկայականից զգալիորեն ցածր գներով (օրինակ՝ մեկ քառ. մետրը 500-1500 դրամով): Դրանից հետո վարձակալները շենքերը կրկնակի վարձակալության են հանձնել՝ արդեն շուկայական գներով: Ստացած ամբողջ շահույթը, նրա խոսքով, բաշխվում է «յուրայինների» միջև, իսկ ՀԿՄ-ին կոպեկ էլ չի հասնում:

Օրինակ՝ Քաջազնունու փողոցում գտնվող խանութը, որը տեղակայված է ՀԿՄ-ից վարձակալած շենքում, ամեն ամիս վճարում է մեկ միլիոն դրամ վարձավճար: «Մենք գիտենք, որ խանութի ներկայացուցիչները երկու անգամ դիմել են ՀԿՄ ղեկավարությանը, որ միջոցները փոխանցեն Հայաստանի կույրերի միավորման կարիքների համար, սակայն երկու անգամ էլ մերժվել են»,- նշեց Ռևազյանը:

ՀԿՄ անդամ Սիփան Ասատրյանի կարծիքով՝ վարձույթից ստացվող այդ միջոցներով հնարավոր կլիներ գնել նոր հաստոցներ և արտադրությունները նորից բացել, որտեղ կկարողանային աշխատել տեսողության խանգարումներով մարդիկ: «Սակայն դա չի արվել»,- ասաց նա:

ՀԿՄ նախաձեռնող խումբը դեռևս ամռանը իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել շենքերը վարձով հանձելու այս կոռուպցիոն սխեմաների վրա: Սեպտեմբերին հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել:

med.news.am