«Կարծում եմ, որ Դավիթ Շահնազարյանը ճիշտ որոշում է կայացրել»
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ, որ Դավիթ Շահնազարյանը ճիշտ որոշում է կայացրել»

Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.

Դավիթ Շահնազարյանի քաղաքական որոշման մասին

«Այս թեմային ընդհանրապես չէի անդրադառնա և իրականում, կարծում եմ, որ իրավունք էլ չունեմ անդրադառնալու, բայց երեկ գիշերվանից մինչ հիմա այս թեմայի շուրջ ստացածս հարցերի առատությունից ելնելով ստիպված եմ մեկ անգամ, հրապարակային և բոլորի համար անդրադառնալ թեմային: Նախ ամենաառաջինը, Դավիթ Շահնազարյանը իմ լավագույն ավագ ընկերներից է, կանգնած է Երրորդ Հանրապետության ակունքներում և թերևս դաշտում մնացած ամենափորձառու քաղաքական գործիչներից է: Պարոն Շահնազարյանի հետ իմ հարաբերությունները միշտ եղել են մտերիմ և այդպիսին էլ մնալու են անկախ` իր կամ իմ ցանկացած տեսակի քաղաքական որոշումից:

Շատերդ չգիտեմ ինչ բանաձևով եք կառուցում ձեր հարաբերությունները մարդկանց հետ, բայց ես երբեք և որևէ մեկի հետ իմ հարաբերությունները չեմ կառուցում գաղափարական կամ գործողությունների ստորադասության սկզբունքով և խնդրում եմ ինձ հետ խոսելիս սա նկատի ունեցեք այլապես ստիպված եմ լինելու նեղացնել ձեզ:

Հիմա բուն որոշման մասին. անկախ նրանից թե ինչպես եմ ես վերաբերվում պարոն Շահնազարյանի կայացրած որոշմանը ես այն հարգում եմ, ասեմ ավելին ռազմավարական առումով կարծում եմ, որ Դավիթ Շահնազարյանը ճիշտ որոշում է կայացրել, իսկ մարտավարական համատեքստում կարծիքս արտահայտել եմ ոչ հրապարակային և չեմ էլ կարծում, որ այն հրապարակայնացնելու կարիք կա: Հայաստանում քաղաքական դաշտի ալգորիթմը կտրուկ փոխվել է և, եթե հուզականության կամ մարտավարական մակարդակում այս պահին ինչ-որ երևույթներ ընկալելի չեն դա չի նշանակում, որ դրանք առավել ընկալելի և ընդունելի չեն դառնալու օրինակ 6 ամիս անց:

Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ ինձ մի գրեք, մի զանգեք, որ տեսնում եք մի հարցրեք Դավիթ Շահնազարյանի քաղաքական որոշման մասին ու առավել ևս դրա վերաբերյալ ձեր կարծիքները ձեզ պահեք:

Ինձ նաև հարցնում են «դու էլ ե՞ս առաջադրվելու, ՀՀԿ ե՞ս/ե՞ք սատարելու» ու նմանատիպ այլ ձևակերպումներով հարցեր: Պատասխանեմ այս հարցին ևս. ՈՉ ես չեմ առաջադրվելու, չեմ սատարելու որևէ քաղաքական ուժի: Ես ունեմ իմ սեփական պատկերացումները քաղաքական գործունեության վերաբերյալ և նաև հավատացեք սեփական պլաններ էլ ունեմ, որոնց մասին ընտրություններից հետո կխոսեմ անպայման, բայց այս ընտրություններում իմ մասնակցությունը այս պահին լինելու է բացառապես ակտիվ ընտրական իրավունքս իրացնելու ձևով: Իսկ «Քաղաքացիական Գիտակցություն» ԱՀԿ դիրքորոշմանը ընտրությունների վերաբերյալ կծանոթանաք վաղը սպասվող Քաղխորհրդի նիստից հետո: «ՔԳ» ԱՀԿ-ում միաձայն որոշումներ կայացնող չկա և բոլոր որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով, այս մեկը ևս բացառություն չէ:

Հ.Գ. Հուսով եմ այսքանով կսահմանափակվենք և այլևս ինձ այս թեմայով հարցեր չեն հասցեագրվի: Լավ եղեք»