Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ, անդրադառնալով բենզինի գրեթե մենաշնորհային ոլորտին, հայտարարեց, որ բանակցություններ են տարվում օտարերկրյա ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են «Միկա» ընկերության բենզալցակայաններով։ Եվ հավելեց՝ սպասվում է, որ մոտ ապագայում այս ոլորտում շուկա կմտնեն նոր խաղացողներ։ Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց, թե օտարերկրյա ո՞ր ընկերությունների հետ են բանակցում, կամ՝ ո՞ր երկրների ընկերություններն են դրանք։
Ինչպես հայտնի է, մեր երկրում մոտ երկու տասնամյակ բենզինի ներկրումն ու իրացումը տեղի է ունեցել խիստ վերահսկելի և գրեթե մենաշնորհային պայմաններում։ Երկար տարիներ որևէ պատահական գործարար այդ շուկա մտնելու իրավունք չի ունեցել։ Այդ բիզնեսը հանձնվել է մեկ-երկու ընկերության։ Նույն «Միկա» ընկերությունը եղել է դրանցից մեկը, բայց սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հետ միասին շուկայից դուրս է մղվել։
Հիմա, ինչպես հայտնի է, բենզինի շուկայում գործում են երկու հիմնական ընկերություններ՝ «Ֆլեշը» և CPS»-ը։ Ֆլեշը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է։ CPS-ի դեպքում այդպիսի հովանավորությունն այնքան էլ ակնհայտ չէ, բայց կարծիք կա, որ ընկերության նախագահ Աշոտ Սալազարյանը զերծ չէ նման կապերից։
2016թ․ բենզինի ներկրման շուկա է մտել մեկ այլ ընկերություն՝ «Էյ Բի Էքսպորտ» ընկերությունը, բայց նրան շուկայի շատ քիչ մասն է բաժին հասել, մոտ 90 տոկոսը դեռ պատկանում է Ֆլեշին ու CPS-ին։
Ամբողջությամբ՝ factor.am