Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Վերջինիս փաստաբանները չցանկացան բացահայտել, թե կոնկրետ ինչ է ավելացվել մեղադրանքում, միայն նշեցին, որ լրացված մասով մեղադրանքը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ ՀՔԾ-ն առհասարակ որևէ մեկնաբանություն չտվեց: Տեղեկություններ են շրջանառվում, որ մեղադրանքի լրացումը կարող է կապված լինել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հետ: Այլ վարկածի համաձայն, ՀՔԾ-ն ակնկալելով որ Վճռաբեկ դատարանը հավանաբար իրավացիորեն կհաստատի Վերաքննիչ դատարանի մոտեցումը արդեն իսկ առաջադրված մեղադրանքների մասով, որով դատարանը արձանագրել է որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասով առկա անձեռնմխելիության, փորձում է արհեստական հիմքեր ստեղծել դարի գործը ընդհանրապես չքանդվելու համար:
Ուշագրավ են մեր աղբյուրների փոխանցած տեղեկություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ գործը վճռաբեկ դատարանը քննելու է առաջիկա 1-2 օրերի ընթացքում: Մինչ այդ լուրեր տարածվեցին (չի բացառվում նաև ՀՔԾ-ի «աջակցությամբ»), որ Վճռաբեկ դատարանում արդեն իսկ որոշվել է գործի հետագա ընթացքը, այն է՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և գործը կրկին ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Հատկանշական է, որ շուրջ երեք ամիս Քոչարյանի կալանքի գործում զարգացումներ չկային, եթե չհաշվենք հայտնի գաղտնալսման դեպքը, և այժմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին արագ տեմպերով մեղադրանքի ծավալի լրացումը և վճռաբեկ դատարանում գործի քննության նշանակումը կրկին հարցեր են առաջ քաշում՝ արդյոք դրանք զուտ պատահական զուգադիպություն են, թե որևէ քաղաքական գործընթացի մաս:
Սակայն չի բացառվում, որ իրադարձությունների նման զարգացումը ունենա այլ պատճառներ: Թեև Քոչարյանի փաստաբանները խուսափում են տեղեկություններ ներկայացնել գործի վերաբերյալ, սակայն մեր ունեցած տվյալների համաձայն՝ Քոչարյանի գործով ներկայում մի շարք բողոքներ են ներկայացված նախաքննության ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ և դատարաններն արդեն սկսել են բավարարել այդ բողոքներն այն բանից հետո, երբ գաղտնալսման դեպքի կիզակետում հայտնվեց դատավոր Վաչե Մարգարյանը և ամբողջ հանրության ուշադրությունը սևեռվեց դատական համակարգի անկախության խնդրին: Կառավարության ներկայացուցիչներն իրենք էլ են պարբերաբար բարձրաձայնում նշված խնդիրը, ճիշտ է մարտի մեկի արդեն իսկ քննված գործերի համատեքստում:
Հայտնի է դարձել, որ օրինակ մի դեպքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից: Ստացվում է, որ միայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանը չէ, որ որոշումներ է կայացնում ՀՔԾ-֊ի գործողությունների դեմ: Քոչարյանին ազատ արձակելու նրա որոշումը հավանության էր արժանացրել նաև վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ով նշել էր, որ ամեն դեպքում հարցին վերջնական գնահատական տալու է վճռաբեկ դատարանը:
Այսինքն, հնարավոր է, որ նախընտրական հենց այս ժամանակահատվածն է ընտրել Վճռաբեկ դատարանը, որպեսզի հնարավորինս զերծ լինի քաղաքական ազդեցությունից: Սակայն ակնհայտ է, որ ցանկացած որոշման կայացում ստանալու է ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական լայն արձագանք: