Կառավարության որոշում ենք պատրաստում, որ աջ ղեկով մեքենաները կարողանան ներկրել՝ մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն»,- նշեց նա:
Նրա տեղեկացմամբ՝ կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո:
«Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարցին, թե ավելի վտանգավոր չէ՞ ղեկի տեղափոխումը, քան հենց աջ ղեկով շահագործումը, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Վարորդներն իրենք ասում են, որ այսպես թե այնպես մենք Վրաստանում փոխում ենք այդ մեքենաները: Ասեմ, որ ղեկը փոխելու ձևեր կան: Կա, որ էժան և սխալ ձևով են փոխում և կա սերտիֆիկացված, ճիշտ ձևով փոխելու հնարավորություն: Ես առաջարկում եմ վերջին տարբերակը»,- հայտնեց նա:
Նրա խոսքով՝ հետագայում նախարարությունը փոխելու է մեքենաների տեխանձնագրերը տալու ընթացակարգը և այն համապատախանեցնելու է մեքենայի իրական տեխնիկական վիճակին:
«Այդ ժամանակ մենք ղեկային համակարգը պարտադիր ստուգելու ենք: Մենք առաջնահերթությունը տալու ենք ղեկային և արգելակման համակարգերին:
Եվ եթե այդտեղ խնդիր եղավ, այդ մեքենան տեխզննությունը չի անցնելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հակոբ Արշակյանը նշում է, որ աջ ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ քննարկումների ժամանակ ոստիկանությունը դեմ է արտահայտվել. «Մեր ճանապարհները հարմարեցված չեն, ՀՀ-ում աջակողմյան երթևեկություն է: Եվ ոստիկանությունը և մենք չենք ուզում աջ ղեկերի աճ գրանցվի»,- ասաց նա: