Մայրապետյանին չեն ազատի. դատախազությունը պատասխանել է լրատվամիջոցների ղեկավարներին
Advertisement 1000 x 90

Մայրապետյանին չեն ազատի. դատախազությունը պատասխանել է լրատվամիջոցների ղեկավարներին

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է ԶԼՄ-ների մի քանի ղեկավարների բաց նամակին ու որոշ պարզաբանումներ ներկայացրել «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործից։

Դատախազությունը հիշեցնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. հոկտեմբերի 1-ին Սամվել Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառքի միջնորդության համար։

Իսկ հոկտեմբերի 27-ին վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը:

Ինչ վերաբերում է Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա դատախազությունը հիշեցնում է, որ Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում:

Ինչ վերաբերում է բողոքներին, թե Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, դատախազությունը հիշեցնում է, որ այդ հարցով նախորդ հանդիպման ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ:

Իսկ Մայրապետյանի առողջական վիճակի մասին դատախազությունը նշում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանությունները, թե նման պայմաններ ստեղծելով քննչական մարմինը Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» նպատակ է հետապնդում, դատախազությունն անհիմն է որակում։