Ցանկացած հումոր սկսվելու է ինձնից և ավարտվելու է բոլորով. Ռաֆայել Երանոսյանը՝ «TRaffik» մոնոներկայացման մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ցանկացած հումոր սկսվելու է ինձնից և ավարտվելու է բոլորով. Ռաֆայել Երանոսյանը՝ «TRaffik» մոնոներկայացման մասին. life.panorama.am

Դեկտեմբերի 3-ին «Բոհեմ» թատրոնում կկայանա դերասան Ռաֆայել Երանոսյանի մոնոներկայացման առաջնախաղը, որին արդեն կհաջորդի մեծ պրեմիերան: «TRaffik»՝ այսպես է կոչվում մոնոներկայացումը, որի ստեղծման պատմության, ապա նաև ներգրավված թեմաների մասին Ռաֆայելը պատմել է Life.panorama.am-ին:

«Այս մոնոներկայացման գաղափարն առաջացել էր դեռևս 2 տարի առաջ, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվա դեկտեմբերից: Սցենարի գաղափարը իմն է, բայց այն գրել է Արմեն Վարդանյանը. Իհարկե, ես էլ եմ որոշակի մասնակցություն ունեցել սցենարը գրելու հարցում, բայց հիմանական մասը նա է գրել: Իրականում՝ ավելի շուտ էր նախատեսվում այս մոնոներկայացումը, սակայն հեղափոխության պատճառով սցենարում գրված շատ թեմանր այլևս ակտուալ չէր, ուստի ժամանակ պահանջվեց, որպեսզի վերանայեինք սցենարը ու սկսեցինք նորովի աշխատել: Հիմա պիեսն ամբողջությամբ պատրաստ է և կատարվում են վերջին փորձերը»,- պատմեց Ռաֆայելը:

Հարցին, թե ինչու են ընտրել «TRaffik» անվանումը, պատասխանեց.

««TRaffik» վերնագրման մեջ նախ անունս եմ օգտագործել, բայց որպես անվանում նկատի եք ունեցել կոնկրետ գործողություն. «TRaffik»՝ շարժ, խցանում: Այստեղ խոսքը մեր կյանքի արագության մասին է, որովհետև ինչքան փորձում ենք ժամանակին համընթաց քայլել, բայց մինևուն է, դոփում ենք տեղում, շատ բաներով հետ ենք մնում աշխարհից»:

Դերասանի խոսքով՝ հումորով խոսելու է լուրջ թեմաների մասին:

«Խոսելու եմ մեր գենի, տեսակի, թերությունների ու առավելությունների մասին, բայց դա անելու եմ այնպես, որ հանկարծ որևէ մեկը չնեղանա. Ցանկացած հումոր սկսվելու է ինձնից և ավարտվելու է բոլորով: Անշուշտ, անդրադառնալու եմ նաև քաղաքականությանը՝ կխոսեմ եվրոխորհրդի, նախկին ու ներկա նախագահների, իշխանության մասին, անդրադառնալու եմ մեր հայրենասիրությանը, որը հայերիս կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում: Սա հումորային, երաժշտական, պարային ներկայացում է, որտեղ ժպիտով խոսելու ենք լուրջ թեմաների մասին, այդ օրը կենցաղային հումոր շատ քիչ կտեսնեն. Վստահ կարող եմ ասել, որ ներկայացման ողջ ընթացքում  մարդիկ միայն ծիծաղելու են, բայց հենց դուրս գան դահլիճից, շատ թեմաների մասին են սկսելու լրջորեն մտածել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

«TRaffik»-ը ունի կոնկրետ ասելիք՝ աշխարհին համընթաց քայլելը միայն ժամանակակից հագուստ կրելը չէ, աշխարհը առաջ է շարժվում, մենք դոփում ենք տեղում, պետք է մեր մենթալիտետում որոշակի փոփոխություններ կատարել:

Ռաֆոյի խոսքով՝ սա պարզապես Stand up չէ.

«Երբ սցենարն արդեն պատրաստ էր, հասկացանք, որ սա Stand up չէ, այն մոնոներկայացում է, ավելին, քան Stand up-ը: Մեծ աշխատանք է տարվել ու տարվում, ամեն ինչին մոտենում ենք շատ լրջորեն, կարծում  եմ՝ մեր աշխատանքի գնահատականը կտեսնենք հենց առաջնախաղից»,- հավելեց նա:

«TRaffik» ներկայացումը տևելու է 1,5 ժամ, նկատառմանը, որ  միայնակ այդքան երկար բեմում լինելը վախեցնող չէ, դերասանը ժպիտով պատասխանեց.

«Ոչ, ինձ դա որևէ կերպ չի վախեցնում, արդեն 15 տարի է, ես մենակ եմ: Ես վստահ եմ իմ ուժերի վրա, հետո ներկայացումն այնպես է գրված, որ կարողանում եմ նաև հանգստանալ ընթացքում՝ խոսելով, առանց պարի ու երգի: Վստահ եմ՝ ներկայացման վերջում մարդիկ կարծելու են, որ ժամանակը արագ անցավ»:

Ի դեպ՝ Ռաֆայել Երանոսյանը արդեն իսկ ծրագրում է «TRaffik» ներկայացումը խաղալ նաև Միացյալ նահանգներում .

«Այս պահին Վահագն Գրիգորյանի հետ բանակցությունների մեջ ենք, ով այժմ ԱՄՆ-ում է գտնվում: Հավանաբար մայիս ամսին մեծ պրեմիերա կունենանք այնտեղ, որի ժամանակ ինձ հետ կլինեն Վահագն ու Անթիկը: Եվրոպական երկրներ գնալու մասին դեռ չեմ մտածում, բայց այդ ուղղությամբ ևս կաշխատեմ»,- ավարտեց դերասանը:

life.panorama.am