Հայկ Կոնջոյանի գրառումներից. «14 տարի առաջ հենց այս լսարանում, պատմական Հայաստանի այս հսկա քարտեզի առջև, ես նստեցի ուսանողական նստարանին:
Սկսեցինք նախնադարից, անցանք Ուրարտուով, մեծացանք Տիգրան Մեծով, հետո փոքրացանք, փոքրացանք, բայց չնայած փոքր էինք, մեզանում էլ արվեցին Մեծ գործեր` գրեց Խորենացին, իսկ հին հույների մասին ասացին` նրանք փոքր էին, մեծի իմաստությամբ: Այդ ժամանակներից` ինձ համար փոքրն ու մեծը կորցրին իրենց ֆիզիկական նշանակությունը: Անցան ժամանակները, եկան հեղափոխությունները, արքաներն ընկան, քաղաքացին բարձրացավ` ազատություն, հավասարություն, եղբայրություն… Շատ բան սովորեցի, ունեցա արտակարգ լավ դասախոսներ, իմացա` ինչպիսի մասնագետ լինել և ինչպիսին չլինել, իմացա` ինչպիսի մարդ լինել և ինչպիսին չլինել, ոմանք ծառայեցին որպես օրինակ, ոմանք էլ` որպես խրատ, բայց բոլորը սովորեցրին: Հետո եկավ Կանտը ու ասաց` հանդգնիր գիտենալ, ունեցիր համարձակություն օգտվելու սեփական խելքիցդ:
Ու ես մի կողմից սովորում էի, մյուս կողմից` հանդգնում, և այդպես` մինչև հիմա: Սա երևի իմ ուսանողության տարիների գլխավոր դասն էր` մի կողմից սովորել, մյուս կողմից` հանդգնել, հանդգնել գնալ սեփական երազանքների հետևից, որովհետև, ինչպես ասում են` կյանքի մայրամուտին ավելի շատ ափսոսալու եք ոչ թե նրա համար, ինչ արեցիք, այլ նրա համար` ինչ չարեցիք:
Այսօր ուսանողության միջազգային օրն է, սիրելի ուսանողներ, ջերմագին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենակարևորը` սովորեք և հանդգնեք!!!»: