«Երկու ամիս առաջ Քննչական կոմիտեի ջոկատը մտավ Yerevan.Today՝ «դարի հանցագործության» հետքերը գտնելու ակնկալիքով։ Արդյունքում առգրավեց տեխնիկան՝ առանց հոդաբաշխ հիմնավորման։
Ոչինչ չգտան, չեն էլ գտնի, բայց տեխնիկան չեն էլ վերադարձնում։
Ինչո՞ւ չեն վերադարձնում․ կա երկու տարբերակ, որոնք երկուսն էլ ճշմարիտ եմ համարում․
Առաջին՝ չգիտեն այն ձևը, որով պետք է վերադարձնել, վերադարձնեն, որ ի՞նչ ասեն, ինչո՞ւ էին տարել, ի՞նչու տեղում հնարավոր չէր ստուգել, ի՞նչ պատասխան տան բոլոր նրանց, որոնք միաբերան պնդում են որ չի կարելի լրատվամիջոցին տեխնիկական նեղություն տալ՝ առանց լրջագույն հիմնավորումներ ունենալու։
Երկրորդ՝ չեն վերադարձնում, քանի դեռ իրենց նպատակը՝ խափանել մեր կայքի աշխատանքը, մասամբ հաջողել է։
Խնդիրն ամենևին գաղտնալսումը չէ, խնդիրը Yerevan.Today-ն է, մեր աշխատանքի ձախողումը կամ լռեցնելը, ինքնագրաքննվելը։
Ասածին որպես ապացույց բերեմ 3 հիմնավորում՝ առկա տասնյակ փաստերից․
1. ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարեց․ «Պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել․․․»:
Եթե պարզվել է, ուրեմն գոնե իրենց համար բացահայտվել է, որ Yerevan.Today-ը բոլորովին կապ չունի այդ գործի հետ։
Մեր իշխանությունը, երբ որևէ բանի շուրջ կասկած է ունենում, անմիջապես բարձրաձայնում է այդ մասին և միջոցառումներ իրականացնում։ ԱԱԾ տնօրենը հայտարարեց, թե բացահայտվել է, բայց ոչ մի անուն չհնչեց։ Կա պարզ ենթադրություն․ եթե չկան կասկածյալներ, բայց չեն վերադարձնում տեխնիկան, ուրեմն ԱԱԾ տնօրենի ասածը հերթական անգամ շփոթվածության և արագ խոսելու արդյու՞նք է։
«Գաղտնալսման շարժառիթը եղել է իմ հրաժարականը: Փորձում են իմ և ԱԱԾ վարկանիշը գցել»,- ասում է Վանեցյանը:
Վանեցյանն այս նախադասությամբ ևս հիմնավորում է, որ Yerevan.Today-ը առնչություն չունի գործի հետ։ Մեզ համար երբեք ուրախալի չի կարող լինել Արթուր Վանեցյանի հրաժարականը․ եթե Հայաստանում կա բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ ՀՔԾ պետ, ՔԿ ղեկավար, փոխվարչապետներ, նախարարներ և վերջապես՝ վարչապետ, մեզ համար որևէ նշանակություն չունի՝ այսօրվա ԱԱԾ տնօրենը Վանեցյա՞նն է, թե՞ Պողոս Պետրոսյանը։ Առավել ևս՝ ԱԱԾ վարկանիշը գցել չէինք ցանկանա, քանի որ համարել ենք ու համարում ենք որ այդ կառույցը Հայաստանի ազգային անվտանգության համար մեկ երաշխավորն է, այսինքն բոլորիս և ոչ, հերթական իշխանության գործիքը, գոնե հուսով ենք։
2. Մասնագետները նշում են, որ նմանատիպ փորձաքննությունները կատարվում են երկու-երեք ժամում, իսկ մեր տեխնիկան փորձաքննում են երկու ամիս շարունակ։
3. Քննչական կոմիտեն շուրջ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 26-ին, հայտարարեց, որ ձեռք է բերել համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներ: Դրանցով կկարողանան պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, և տեխնիկան առգրավելու կարիքը վերանում է։ Ինչպես նաև հայտարարվեց, որ առգրավված տեխնիկան հնարավոր է վերադարձնել ոչ թե ամսիսների ընթացքում, այլ մի քանի օրում՝ առավելագույնը։
Հայտարարությունից անցել է մոտ մեկ ամիս։ Ո՞ւր է։
Փաստորեն, նրանց գլխավոր նպատակը հենց Yerevan.Today-ն է, մյուս բացատրությունները փուչիկ են։
Իսկ եթե, անկախ այս ամենից, իսկապես դեռ փորձաքննում են մեր գույքը, փաստում ենք․
ՀՀ քննչական կոմիտեն տապալել է գաղտնալսման գործը։ Իրական հանցագործությունը բացահայտելու փոխարեն, մարդիկ երկու ամիս շարունակ զբաղված են մի քանի կոշտ սկավառակ քրքրելով, որոնք բացարձակապես կապ չունեն և չէին էլ կարող ունենալ այդ գործի հետ։ Կարծես ժամանակ են մեռցնում, մինչև Հայաստանի ազգային անվտանգության համար հույժ կարևոր այս գործի նկատմամբ հետաքրքրությունը նվազի, հետո՝ վերանա։
Մեզանից խլած համակարգիչներում դուք չեք գտնի որևէ ապացույց այդ «գրողի տարած» ձայնագրությունից։ Իսկ ի՞նչ կգտնեք կամ էլ գուցե արդեն գտել եք․ բազմաթիվ փաստեր նախկին ու ներկա իշխանության անուղեղ քաղաքականության մասին՝ արտաքին, ներքին, տնտեսական, սոցիալական ․․․բազմաթվիվ տեղեկություններ, ապացույցներ ու վկայություններ այդ անորակ գործունեության, տված ու չկատարած խոստումների։ Կա ամեն ինչ, բայց չկա գաղտնալսում։ Yerevan․Today-ին առավել հեշտ է մեղադրել դեռ ձյունը չդրած ջեռուցումը միացնելու մեջ, քան` գաղտնալսման։
Փաստում ենք․ Նոր Հայաստանում անհիմն խուզարկությունը, բռնազավթումն ու կալանավորումը դարձել է սովորական գործելակերպ։ Մեր պահանջը մնում է նույնը՝ վերադարձնել ապօրինի կերպով մեզանից բռնազավթած գույքը։
Դուք ցույց եք տվել արդեն, որ թքած ունեք ձեր ու մեր երկրի հեղինակության վրա, կարող եք այդ փաստն ապացուցելու ջանքեր այլևս չգործադրել»։