Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Սարգիս Եղիազարյանը, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ» հեռուստասերիալում՝ իր ուժերը փորձելով նաեւ այս ոլորտում:
Սարգիսի խոսքով՝ դեռ մանկուց է երգում, առանց երաժշտության իրեն չի պատկերացնում:
«Երգն իմ կյանքն է՝ սա, թերեւս, ամենաճիշտ բնորոշումն է: Երգն իմ առօրյան է, իմ էությունը, սա ինձ համար մասնագիտություն չէ, այլ ապրելաձեւ: Ինչ ինձ հիշում եմ, ես երգում եմ. 4-5 տարեկանից երգել եմ ժողովրդական երգեր, դպրոցական տարիներին սովորել եմ մանկական ֆիլհարմոնիայում, իսկ հետագայում ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի՝ «Դասական վոկալ» բաժին»: Սակայն հետագայում դասական երաժշտությամբ չզբաղվեցի, քանի որ այդ պարագայում պետք է մեկնեի Գերմանիա, իսկ քանի որ դասական արվեստն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէր, որոշեցի մնալ այստեղ ու ինձ դրսեւորել այլ ժանրում, որն անվանում եմ նոր գույներով էստրադա»,- նշեց Սարգիսը:
Վերջինս ոչ միայն երգում է, այլեւ ստեղծագործում:
«Իհարկե, ես երգում եմ նաեւ այլ հեղինակների երգեր, սակայն իմ երգերը եւս սիրում եմ ներկայացնել: Բայց այստեղ կարեւոր մի հանգամանք կա. Իմ ոճ մի երգ գրելիս կոմերցիա չեմ հետապնդրել, դրանք իմ ներսից են եկել, որոնք անմիջապես սիրվել են հանրության կողմից»,- նկատեց նա:
Հարցին, թե մեր օրերում հե՞շտ, թե դժվա՞ր է ճանաչված դառնալը, պատասխանեց.
«Իհարկե, կարող ես կարճ ժամանակում հայտնի դառնալ, բայց թե ինչով եւ ինչպես ես հայտնի, դա է կարեւորը: Եթե դու հայտնի լինես, բայց չսիրված, ապա քեզ չեն վճարի ու չեն հրավիրի տարբեր միջոցառումների, իսկ այսօր երգիչը այդ միջոցառումներով է գումար աշխատում: Այսօր շատերը կան, որ ամիսը մեկ տեսահոլովակ են նկարահանում, բայց ոչ մի միջացառման ժամանակ նրանց չես տեսնի: Գուցե հայտնի լինելուց զատ նաեւ սիրված լինելը բախտի հարց է, բայց նաեւ վստահ՝ դրան կարող ես որակյալ աշխատանքով էլ հասնել: Ինձ համար ամենակարեւորը անկեղծությունն է՝ անկախ նրանից՝ ժողովրդական, թե էստրադային երգեր ես երգում: Կարծում եմ՝ մարդիկ սիրել են իմ անկեղծությունը, ես սիրում եմ իմ հանդիսատեսին, որը շատ ակնառու է: Հանուն փողի՝ ես երբեք անորակ աշխատանք չեմ ներկայացնի»:
Սարգիս Եղիազարյանը նախատեսում է առաջիկայում սիրային երգերից բացի նաեւ ժողովրդական երգեր երգել: Իր խոսքով՝ դեռ մանկուց է սիրել ժողովրդական արվեստը:
Անդրադառնալով «Այրված անուրջները» հեռուստասերիալին, որտեղ Սարգիսը մարմնավորում է գլխավոր հերոսի եղբորը, ով բնավորությամբ շատ խիստ է ու ավանդապաշտ, Սարգիսը նախ պատմեց, որ ամիսներ առաջ հրավերը ստանալուց հետո մերժել է, եւ միայն հետո ծանրութեթեւ է արել ու որոշել է իրեն փորձել այս ոլորտում:
«Նկարահանվելուց առաջ շատ էի մտածում՝ արդյոք կընդունվեմ հեռուստադիտողի կողմից եւ ինչպիսին կլինի նրանց արձագանքը: Հեռուստասերիալն արդեն մի քանի ամիս է, եթերում է, եւ ես լսում եմ թե լավ, թե վատ կարծիքներ: Ես դերասան չեմ, իմ խաղն ինձ դուր չի գալիս, բայց ինձ հետաքրքիր է այս աշխարհը: Կուզեմ ինձ փորձել գեղարվեստական ֆիլմում, որովհետեւ այնտեղ մի քանի անգամ խաղալուց հետո գուցե հասնեմ ցանկալի արդյունքի, բայց սերիալում նույն տեսարանը մի քանի անգամ խաղալու ժամանակ չկա: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ համագործակցում եմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, այստեղ իսկական պրոֆեսիոնալներ են հավաքված»,- նշեց նա:
Իսկ հարցին, թե իր ու իր մարմնավորած հերոսի միջեւ նմանություններ կա՞ն , պատասխանեց.
«Իհարկե, որոշակի նմանություններ ունենք, քանի որ երեւի յուրաքանչյուր ինքնասիրություն ունեցող հայ եղբայր եւ առհասարակ տղամարդ իր մեջ ունի նման գծեր: Բայց ասել, որ հերոսիս հետ լիովին նման ենք, սխալ կլինի. Ես հանգիստ մարդ եմ, նա՝ ոչ»: