Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ Հայաստանում գյուղացիների համար նախատեսված մատչելի պարարատանյութի ու դիզվառելիքի ծրագրից օգտվել են նաև խոշոր հողատերերն ու թույլ տվել չարաշահումներ:
Գյուղնախարարը նշեց, որ վերջին երեք-չորս տարիներին 1.1 մլրդ դրամ պարտքեր են կուտակվել. «Մենք պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ինչ ենք անում: Որոշ դեպքերում, երբ համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան: Մնացածի հետ կապված հիմա ճշտում ենք անվանական: Այսօր մենք չենք կարող մեկ ստորագրությամբ դիմել դատարան, դա քննարկման ենթակա հարց է»:
Հարցին, թե ի՞նչ չարաշահումներ են եղել, նախարարը պատասխանեց, որ խոսակցությունների մակարդակի դեպքեր կան, որ պարարատանյութն ու դիզվառելիքը վերցրել են, չեն օգտագործել ու վերավաճառել են: Չարաշահումների հարցերը, նրա խոսքով, հիմնականում խոշոր հողատերերի հետ են կապվում, կան նաև միջին և փոքր հողատերերի հետ կապված դեպքեր:
Հայտնի՞ են դեպքեր, որ այդ ծրագրից օգտվում են դրա կարիքը չունեցող խոշոր հողատերերը, օրինակ, նախկինում շրջանառվում էր Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը, այս հարցին ի պատասխան Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Նախկին դեպքերը ես չեմ կարող մեկնաբանել, էն ժամանակ ես չէի հետևում էդ դեպքերին: Հիմա եմ հետևում, չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում: Դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, հասկանանք, թե ով է պարտք: Եթե վերջնական բացահայտվի, որ խոշոր հողատերերի անուններն են կապված այդ չարաշահումների հետ, ըստ նախարարի, իրենք օրենքի համաձայն կգործեն:
Լրագրողի դիտարկմանը, թե կարծես նախարարը անվստահ է խոսում այդ մասին, Ի. Առաքելյանը պատասխանեց. «Ըտենց շատ մարդ ա խաբնվել իմ հայացքից»:
Մանրամասները՝ տեսանյութում: