«Lady comedy»-ին արդեն եթերում է, որոնց թիմում ընդգրկված աղջիկներից Հայարփի Զուռնաչյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Հայարփին մասնագիտությամբ դերասանուհի է, աշխատում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Մեզ հետ զրույցում Հայարփին պատմեց, որ «Lady comedy»-ի կազմում ընդգրկվել է քասթինգի միջոցով:
«Հայտատարվեց քասթինգ, որտեղ էական չէր կնոջ քաշը, հասակը, տարիքն ու տեսքը, կար ընդամենը մեկ պայման՝ հումորի զգացում: Արդյունքում ես ընտրվեցի ու հենց սկզբից դարձա «Lady comedy»-ի անդամ: Մենք սկզբում սկսեցինք ներկայացումներով հանդես գալ, իսկ հիմա արդեն համանուն հեռուստատեսային նախագծի շրջանակում ենք ներկայանում»,- պատմեց դերասանուհին:
Դերասանուհու կարծիքով՝ կանանց հումորային ակումբները դեռևս քիչ են զարգացած մեր երկրում, որի շուրջ պետք է աշխատել ու նոր թափ հաղորդել:
Խոսելով արձագանքներից՝ Հայարփին նշեց.
«Ինչպես և սպասում էինք, արձագանքները տարբեր են՝ թե դրական, թե բացասական, բայց մեզ համար ամենակարևորն այնն է, որ արձագանքներ կան, դա խոսում է այն մասին, որ մեր նախագիծը դիտում են»:
Դիտարկմանը, որ կարծրատիպ կա, թե կանայք լավ հումոր չեն անում, դերասանուհին չհամաձայնեց.
«Դա շատ թյուր կարծիք է, որովհետև կինն ինքնին հումոր է»:
Հարցին, թե կանայք կանանց հետ դժվա՞ր են աշխատում, հումորով պատասխանեց.
«Միգուցե կանայք կանանց հետ դժվար են աշխատում, բայց աղջիկները աղջիկների հետ շատ նորմալ են աշխատում»:
Հայարփին իրեն միայն թատրոնի դերասանուհի չի համարում:
«Ես միայն թատրոնի դերասանուհի չեմ, ես դերասանուհի եմ, ով պարտավոր է իրեն ճիշտ դրսևորել յուրաքանչյուր ժանրում»,- ընդգծեց նա:
Իսկ հետաքրքրվելով, թե ինչ մթնոլորտ է այժմ տիրում թատրոնում, հավելեց.
«Թատրոնն ակտիվ աշխատանքային պրոցեսում եղել ու շարունակում է լինել: Թատրոնն ուրիշ էներգետիկա է, այն առաջնայինն է ինձ համար»: