Այս վերնագրով հոդված աչքով ընկավ նախօրեին 1in.am կայքով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մասին էր: Իսկ ավելի կոնկրետ «Համատարած հայտարարագրման մասին» օրենքի նախագծի թեմայով, ավելի ժողովրդական լեզվով ասած՝ խոպանչիների օրենքի: Հոդվածը հավանաբար կարդացած կլինեք, ուստի մանրամասների մեջ չեմ խորանա, միան կընդգծեմ իմաստը. «Ընտրություններից հաշված օրեր առաջ խոպանչիներին և ոչ միայն նրանց, այլ նաև համատարած բոլորին հայտարարագրելով և դա դեռ քիչ չէ՝ այդ մասին բարձրաձայնելով ստացվում է դավադրություն է արվում Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ եթե այդպես չէ, ապա ցինիզմ է, որ առանց վախի, նույնիսկ այս իրավիճակում նման նախագիծ կարող են հրապարակել՝ չանհանգստանալով հետևանքների համար», – սա հատված էր հիշատակածս հոդվածից:
Նույնը կարելի է ասել ՊԵԿ-ի փոխարեն գրելով ՀՔԾ կամ Դատախազություն, նույնը կարելի է ասել Դավիթ Անանյանի փոխարեն գրելով Սասուն Խաչատրյան կամ Արթուր Դավթյան. ցանկը կշարունակեի, բայց սահմանափակվենք այս երկու անուններով, որոնք անամոթաբար շարունակում են նախկինների արատավոր գործելաոճը, որոնք ստորաբար ընտրովի ձևաչափով են իրականացնում արդարադատությունը՝ ապավինելով հավանաբար դարձյալ նախկինների խորհրդին: Սա, ի դեպ, այդքան վախենալու չէ, որքան «շեֆին» սխալ կամ կիսատ զեկուցելը, արդյունքում նրան անհարմար վիճակում դնելը: Կարծում եք՝ Փաշինյանը գլխի չի՞ ընկնում՝ ինչ են անում իր գլխին: Վստահաբար, նա միամիտներից չէ, բայց, ինչպես ասում են, առջևում ընտրություններ են և թիմակիցներին հարվածելը այդքան էլ շնորհակալ գործ չէ, առայժմ շնորհակալ գործ չէ: