ՀՀ Միգրացիոն ծառայությունը Մոսկվայի օդանավակայանում մահացած տղամարդու արտաքսման մասին տեղեկություններ չունի։
Այն, որ Մոսկվայի օդանավակայանում մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի է, ում Իսպանիայի իշխանություններն արտաքսել են իրենց երկրից, Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացել է մամուլից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը` հավելելով, որ իսպանական կողմից ծառայությունը որևէ դիմում չի ստացել։
«Իսպանիան, որպես ԵՄ անդամ երկիր, եթե ինչ-որ խնդիր լիներ ՀՀ քաղաքացու հետ կապված, ռեադմիսիոն պայմանագրի շրջանակներում պետք է դիմեր Հայաստանին` տվյալ քաղաքացու մասին տեղեկություններ ստանալու համար։ Իսկ եթե չեն դիմել, նշանակում է ամեն ինչ շատ հստակ է եղել, որևէ կասկած չի հարուցել, որ նա ՀՀ քաղաքացի է»,- ասաց Նելլի Դավթյանը` հավելելով, որ սա Իսպանիայից ՀՀ քաղաքացու արտաքսման վերաբերյալ առաջին դեպքն է։
ՀՀ միգրացիոն ծառայությունում այս պահին փորձում են ճշտել դեպքի բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք` Mash տելեգրամ-ալիքի տվյալներով` տղամարդուն Իսպանիայից Հայաստան էին արտաքսել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխելիս նա փախուստի է դիմել։ Հայտնում են նաև, որ Մոսկվայի ճանապարհին ինքնաթիռում տղամարդն իրեն ադեկվատ չի դրսևորել. կռիվ է սկսել և հարվածել բորտ-ուղեկցորդին։
Ալբերտ Եփրեմյան
Նոյեմբերի 20-ին, Աթենք թռչող Boeing 737-ի անձնակազմը դիսպետչերին հայտնել է կենդանու հետ բախման մասին։ Քանի որ համակարգը վնասվածքների մասին տեղեկություն չի հաղորդել, ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան։ Ավելի ուշ, ԶԼՄ-ների տվյալներով, տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել է տղամարդու դին և նրա անձնական իրերը։
ՔԿ-ն ստուգումներ է սկսել իրականացնել փաստի առիթով, դեպքի վայրում քննչական օպերատիվ խումբ է աշխատում։
Ավելի ուշ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին նաև մահացածի անձնական տվյալները։ Դրանց համաձայն` նա ՀՀ քաղաքացի, 25-ամյա Ալբերտ Եփրեմյանն է։