Երգահան Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, որում մասնավորապես ասված է. «Օրիորդ Մակունց, լինելով մշակութային գործիչ, ունենելով համեստ մշակութային անցյալ եւ փորձ, սակայն, երբեք ինքս ինձ չհամարելով «մշակույթ» այս բաց նամակով դիմում եմ Ձեզ։
Հասկանում ենք, որ առհասարակ, հեռու լինելով մշակույթից, չունենալով համապատասխան գիտելիքներ եւ փորձառություն, զուտ քաղաքական նկատառումներով վստահվեց Ձեզ այնպիսի լուրջ գործունեություն, ինչպիսին է ՀՀ Մշակույթի Նախարարության ղեկավարումը։ Վերջինս, ի գիտություն Ձեզ, ենթադրում է նվազագույն մշակութային գործելակերպ։
Ցավում եմ, որ Ալեքսանդր Սպենդարյանի անվան Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը «Արամ Խաչատրայան» համերգասրահից չտարբերող նախարարը որոշում է կայացրել Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը մերժել, ինչն էլ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել իրապես արվեստագետների եւ արվեստասեր հասարակության շրջանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից ելնելով` վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը եղել է բարձր մասնագետների իրենց ծառայությունն ի նպաստ Հայաստանի Հանրապետության առաջարկելու անկարողությունը, եւ ուրեմն` մեծ խնդրանք եւ հորդոր լքե՛ք ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը եւ այն զիջել մշակութային այնպիսի գործչի, ով լայն վստահություն է վայելում մեր հասարակության կողմից. օրինակ` Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյան, Արմինե Անտիկյան, Դավիթ Սահակյանց եւ այլոք, մշակութային գործիչներ, ովքեր վստահաբար արժանի են ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելուն»: