«Մանկական Եվրատեսիլ 2018»–ին հաշված օրեր են մնացել։ Հայաստանի պավիրակ L.E.V.O.N.–ն արդեն Մինսկում է և ունեցել է իր առաջին փորձը։ Եվրատեսիլյան բեմում Լևոնը ներկայանալու է գրեթե նույն բեմադրությամբ, ինչ «Դեպի մանկական Եվրատեսիլի» բեմում։ Այս տարի Հայաստանի ներկայացուցիչը տեսահոլովակ էլ չունեցավ։
Tert.am Life–ը զրուցել է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի հետ` պարզելու, թե ինչու Լևոնը ոչ տեսահոլովակ ունեցավ, ոչ էլ նոր բեմադրություն։
Դավիթը վստահեցնում է` Լևոնն իր կերպարով շատ էր տպավորել միջազգային ժյուրիին, ինչը նպաստել է, որպեսզի իրենք նման որոշում կայացնեն։ Հարցին, արդյոք կանխատեսելի բեմադրությունը բացասական ազդեցություն չի ունենան հետաքրքրության տեսանկյունից, նա արձագանքեց, որ ելույթն անակնկալ էլ ունի. «Մենք շատ հետաքրքիր ենք օգտագործել լեդ–էկրանները։ Հենց այդտեղ է թաքնված անակնկալը։ Բեմում Լևոնը կրկին միայնակ է ու իր կերպարով, քանի որ «Դեպի մանկական Եվրատեսիլի» ժամանակ իր կերպարի մասին այնքան լավ արձագանքներ ստացանք, որ անմտություն կլիներ այդ ամենը փոխելը։ Իսկապես, արձագանքը շատ մեծ էր։ Վստահ եմ, որ նա բոլորից տարբերվելու է իր կանաչ կոստյումով ու շեփորով»։
Ինչ վերաբերում է տեսահոլովակ չնկարահանելուն` Դավիթն ասաց, որ «Դեպի մանկական Եվրատեսիլից» հետո տեսահոլովակ նկարահանելու ժամանակ չէր մնացել։ ««Եվրատեսլիում» կա այն պրակտիկան, որ ազգային ընտրություն անելու դեպքում տեսահոլովակ չեն նկարահանում, քանի որ ժամանակը շատ սուղ է։ Որպես կանոն` ազգային ընտրությունների ավարտը համընկնում է Եվրոպական հեռարձակողների միության սահմանած վերջնաժամկետի հետ։ Հաճախ, վերջնաժամկետը լինում է ազգային ընտրությունից առավելագույնը 7 օր անց։ Այսինքն` ֆիզիկապես էլ չես կարող տեսահոլովակ նկարահանել։ Շատ երկրներ, ինչպես մենք այս տարի, նախընտրում են տրամադրել ազգային մրցույթի ելույթը»,– պարզաբանեց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am