Մեծ Բրիտանիայում չաու-չաու շնիկը ճաղավանդակում Է հայտնվել այն բանի համար, որ կծել Է ոստիկանի ձեռքը: Ինչպես հայտնել Է Daily Mail հրատարակությունը, երկրի բազմաթիվ բնակիչների կարծիքով՝ շնիկի նկատմամբ անհամաչափ խիստ վճիռ Է կայացվել:
Միջադեպը նոյեմբերի 16-ին տեղի Է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Սթոք-Բրուեռն գյուղում: Բանգլ անունով չորսամսական շնիկը դուրս Է վազել իր տերերի՝ միլիոնատեր բանկիրներ Հեյսերի տան դարպասից, եւ հայտնվել ճանապարհի վրա՝ թույլ չտալով, որ ավտոմեքենաներն անցնեն: Այնտեղ նրան փորձել Է բռնել ոստիկանը, բայց անհնազանդ շունը կծել Է նրա ձեռքի դաստակը եւ նախաբազուկը: Շանը տարել են բաժին եւ գցել վանդակը: Շնիկը պետք Է բանտարկության մեջ անցկացնի մինչեւ ինն ամիս: Կարգի պահապանները վստահեցնում են, որ գործում են 1991 թվականի օրենքին՝ «Վտանգավոր շների մասին» ակտին, համապատասխան:
Ոստիկանների վճիռը բողոքներ Է առաջացրել բնակիչների շրջանում: Վեց օրում ավելի քան 2,5 հազար մարդ Է անդամագրվել Facebook-ում ձեւավորված խմբին, որը կոչ Է անում ազատ արձակել Բանգլին: Շան տերը՝ Դեւիդ Հեյսը, հայտարարել Է, որ հարգում Է ոստիկանությանը, բայց վճիռը համարում Է չափազանց խիստ եւ ոչ համարժեք: Նա հավելել Է, որ իր 15 տարեկան որդին այնքան Է վշտացել շնից բաժանվելու պատճառով, որ ինքն ստիպված Է եղել օրվա կեսին նրան դպրոցից տուն տանել:
Նաեւ, Հեյսի խոսքով, շունը վանդակում վախ ու սթրես Է ապրում: Նա փաստաբանների Է վարձել, որպեսզի նրանք պարզեն տեղի ունեցածը եւ պաշտպանեն շնիկին: