«Ես առաջիններից էի, որ ասացի` «հրաժարական տվեք, պարո՛ն Սարգսյան», հիմա էլ պարտավոր եմ ասել՝ «պարո՛ն Փաշինյան, Ձեր թիմը վատն է»». Սարգիս Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ես առաջիններից էի, որ ասացի` «հրաժարական տվեք, պարո՛ն Սարգսյան», հիմա էլ պարտավոր եմ ասել՝ «պարո՛ն Փաշինյան, Ձեր թիմը վատն է»». Սարգիս Գրիգորյան. life.panorama.am

Դերասան Սարգիս Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ լուսանկար էր հրապարակել ու գրել հետեւյալ գրառումը՝ «Նոյեմբերի 24-ի քայլելու մասին… պ-ն Փաշինյան ես որպես ՀՀ քաղաքացի ԻՄ ՔԱՅԼՆ արդեն արել եմ (ընտանիքով) ու շատ լուրջ եմ արել: Կարծում եմ մնացած բոլոր քայլերն արդեն Ձեր և Ձեր ձևավորած թիմի հետ պիտի անեք…Ես ֆիտնեսի կարիք չունեմ` իմ անձնական մարզիչն իր գործը պրոֆեսիոնալ կատարում է…Հաջողություն եմ մաղթում քայլարշավին ու ակնկալում, որ բացի քայլելուց Հայաստանի Հպարտ քաղաքացիները նաև կլինեն արժանի այդ հպարտությանը…P.S. պ-ն Փաշինյան, update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար և նաև ի շահ ՀՀ ապագայի…»:

«Ես տեսնում եմ, որ այն մարդիկ, ովքեր այսօր պարոն Փաշինյանի կողքին են, պատրաստ չեն երկրի ղեկը ստանձնելու: Նրանք գործից ոչինչ չեն հասկանում, ունեն գործի հետ կապ չունեցող մասնագիտություններ, հետեւաբար սխալ որոշումներ են կայացնում: Իսկ ես արկածախնդիր ղեկավարություն չեմ ուզում տեսնել: Ամիսներ առաջ ես գնացել եմ հրապարակ՝ հուսալով, որ շատ բան կփոխվի, բայց եթե երկրի նախարարական եւ նրանց տեղակալների պորտֆելներ վերցնեն այսօրվա դեմքերը, ապա կարծում եմ, որ ոչինչ էլ չի փոխվի: Երկիրը ղեկավարելը խաղ ու պար չէ: Ես շատ լավ հետեւում եմ ամենատարբեր հարցերի շուրջ նախարարությունների արձագանքներին ու կարծիք եմ կազմում՝ ամենը սեփական կաշվիս վրա զգալով: Արդյունքում՝ հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանինի թիմը ապագա չի ունենա, ու չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կգրանցի»,- նշեց Սարգիսը:

Դերասանը նշեց, որ զայրանալու առիթները շատ են:

«Օրինակ՝ Մշակույթի նախարարի մերժումը, որ Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի Օպերայում շենքում, Կրթության եւ գիտության նախարարի տարբեր տեսակի պահանջներն ու որոշումները, համասեռամոլների մասին ազատ խոսելը, աղանդավորներին տեղ տալը, եկեղեցիներում կռիվ անելը, թմրանյութի մասին ազատորեն խոսելը, այս ամենը պատճառներ են, որոնք ոտնահարում են ազգային արժեքները: Ես ընդունում եմ, որ կան հիվանդ մարդիկ, որոնք համասեռամոլներ են, բայց նրանց մասին խոսել պետք չէ: Ես զգում եմ, որ մեր ազգային արժեքների ու մտածողության մեջ ինչ-որ մի բան փոխվում է: Ես երբեք չեմ ընդունի, որ գեյ շքերթներ լինեն, ես չեմ ընդունի, որ առաքելական եկեղեցուն դեմ գնացող մեկը լինի. Իհարկե, մարդիկ կարող են նաեւ աղանդավոր լինեն, բայց դա պետական մակարդակով չպետք է խրախուսվի, դա պետք է մնա տվյալ մարդկանց ընտանիքում: Չգիտես ինչու՝ այս ամենը եղավ հենց հեղափոխությունից հետո, ինչը ինձ դուր չի գալիս: Հիմա չափից ավելի ազատություն կա, որը իմ սրտով չէ»,-ասաց նա:

Հարցին, թե նա զղջո՞ւմ է, որ ամիսներ առաջ ընտանիքի հետ միասին մասնակցում էր «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կազմակերպած հանրահավաքին, Սարգիսը նշեց. «Ես իմ կատարած ոչ մի քայլի համար չեմ զղջում, որովհետեւ նախկին իշխանությունները չէին հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում, եթե այս ամենը չլիներ: Առհասարակ, update էր պետք, ես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո շատերը հասկացան, թե ինչ է կատարվում, ինքներս հասկացանք, թե ով ենք: Գիտեք, նախկին իշխանության օրոք ես ավելի լավ էի ապրում, բայց չէի ուզում մենակ ես լավ ապրեի, մի ծաղկով գարուն չի գա: Դրա համար ես առաջիններից էի, որ սոց. ցանցում գրեցի «Հրաժարական տվեք, պարոն Սարգսյան», եւ հիմա էլ պարտավոր եմ ասել՝ «Պարոն Փաշինյան, Ձեր թիմը վատն է»: Ես երեք աղջիկ ունեմ, չեմ կարող ձայն չհանել ու գլուխս կախ ապրել: Համոզված եմ՝ իմ ու իմ նման սրտացավ այլ մարդկանց նման կոչերը նաեւ օգուտ են պարոն Փաշինյանին: Ապրիլ-մայիս ամիսներին հենց սկզբից ես հրապարակում էի, ես կոչ արեցի սպիտակ շորերով լինենք նրա ընտրության օրը, այսինքն՝ ես շատ բան եմ արել նրա համար, ընտանիքովս եմ եղել նրա կողքին, ընկերներիս կեսին զոռով, կեսին իրենց կամքով բերել եմ հրապարակ ու ես հիմա պահանջատեր եմ, հիմա ես պահանջում եմ տեսնել, թե ինչու եմ գնացել հրապարակ: Ես ուզում եմ, որ երեխեքս այստեղ ապրեն: Ես երեք աղջիկ ունեմ եւ ուզում եմ, որ նրանք ապրեն Նիկոլ Փաշինյանի ասած՝ որպես հպարտ քաղաքացիներ: Ես ուզում եմ բոլորն իրենց խոստմանը տեր լինեն, ուզում եմ հերթով կատարեն այն ամենը, ինչ խոստանում էին հրապարակում: Հիմա գուցե շատերը ինձ մեղադրեն, բայց ես խոսում եմ՝ որպես սրտացավ քաղաքացի: Մեկը ասում է՝ դուխով, մյուսն ասում է խելքով, ես էլ ասում եմ խղճով»:

life.panorama.am