Ունեմ սիրելի, հաճելի կին, համով ընտանիք, հրաշք երեխաներ. Արտավազդ Եղոյանը 68 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ունեմ սիրելի, հաճելի կին, համով ընտանիք, հրաշք երեխաներ. Արտավազդ Եղոյանը 68 տարեկան է. life.panorama.am

Հաղորդավար և ռեժիսոր Արտավազդ Եղոյանն այսօր նշում է ծննդյան 68-ամյակը:Life.panorama.am-ն իր ջերմ շնորհավորանքն է հղել նրան ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:

«Ես արդեն մեծանալու տեղ չունեմ, մնում է ցայվեմ, սափրվեմ ու վերջ»,- զրույցի սկզբում կատակեց Ա. Եղոյանն ու շարունակեց.

«Արդեն 68 տարեկան եմ, իսկ երեխա ժամանակ մտածում էի, որ 40-42 տարեկանն արդեն մեծ է, մարդ դժվար այդքան ապրի, հիմա հասկանում եմ, որ կյանքը դեռ նոր է սկսվում: Եթե 50-ից հետո առավոտյան արթնանում ես ու զգում ես, որ որևէ տեղդ չի ցավում, ուրեմն մեռել ես, փառք Աստծո, ես դեռ չեմ մեռել, որ մասս ասես, ցավում է»:

Արտավասդ Եղոյանը նկատեց՝ տարիքի հետ պատասխանատվությունն է մեծանում:

«Հիմա առավել մեծ պատասխանատվություն եմ զգում զավակներիս, սերունդի, անգամ նոր իշխանավորների հանդեպ, որովհետև, եթե նրանք սխալվեն ու սայթաքեն, ուրեմն ես էլ մեղավորություն ունեմ դրանում, որ ըստ արժանվույն չենք դաստիարակել նրանց: Եթե ես սխալ եմ տեսնում, ապա անպայման քննադատում եմ, բայց այն ակնկալիքով, որ տվյալ մարդը դարձի կգա: Ընդհանրապես, թշնամուն հարգող եմ, բանի տեղ եմ դնում նրա ուժն ու խոհեմությունը, եթե նա դրանք ունի: Հիմա ուզում եմ, որ կայանա մեր երկիրը փորձառու մարդկանցով, ուզում եմ լավ սերունդ ունենալ այսօր և ապագայում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե հետ նայելով անցած տարիներին՝ կա՞ն բաներ, որ կցանկանար վերադառնալ ու շտկել, Արտավազդ Եղոյանը անկեղծացավ.

«Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց եթե ինձ հնարավորություն տրվեր կրկին 0-ից ապրելու, ապա կապրեի այնպես, ինչպես ապրել եմ, ուղղակի որոշակի ճշտումներով, ընկերների ընտրությամբ և այլն: Ինձ երբեք պաշտոնները չեն հետաքրքրել, երբեք կուսակցական չեմ եղել, բարձրագույն կրթություն չունեմ, դպրոցն ավարտել եմ 11 տարում, 9-րդ դասարանում մնացի նույն դասարանում, իսկ իմ մաթեմատիկայի ուսուցիը, որն ի դեպ մեր հարևանն էր, ինձ ասաց՝ «Արտավազդ Եղոյան, դուք մարդ չեք դառնա»: Բայց ես փորձեցի առաջ շարժվել, սկզբում հեռախոսային ցանցում մանտյոր էի, հետո դարձա ավագ դիսպետչեր, հետո ընկա մշակույթի նախարարություն, այնտեղ աշխատեցի որպես էլեկտրիկ, հետո դարձա սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, իսկ ավելի ուշ Մանկավարժական համալսարանի առաջին և երկրորդ կուրսերում  իմ անգետությամբ դասավանդեցի: Խոսում եմ բազմաթիվ լեզուներով, ընկալում եմ լեզուները միանգամից, չնայած մի գաղտնիք բացեմ՝ բոլորը գիտեն, թե ես բազմաթիվ լեզուներ գիտեմ, բայց չգիտեն, որ դրանցով միայն խոսում եմ, գրել-կարդալ չգիտեմ: Կյանքում եղել եմ շատ աշխույժ, մի կին եմ ընտրել, որը մինչ այսօր կողքիս է և նրա ծննդյան օրն էլ վաղն է: Ունեմ սիրելի, հաճելի կին, համով ընտանիք, հրաշք երեխաներ: Իմ ձեռքբերումն իմ ընտանիքն է, աշխարհի ամենալավ ընտանիքը»:

Հարցին, թե ինչ է ինքն իրեն մաղթում, մեր զրուցակիցը նկատեց.

«Միշտ բոլորին ասում եմ՝ կյանքում անհրաժեշտի պակաս չունենաք և ավելորդի ձգտում չունենաք: Ինքս ինձ էլ եմ դա մաղթում, ու դրան զուգահեռ՝ առողջություն եմ ուզում ինձ համար»:

life.panorama.am



Նման նյութեր