Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 62-ամյա Սամվել Ամիրջանյանը՝ 1620 ВЛ 10 – 1610 էլեկտրաքարշով բեռնատար գնացքը վարելու ընթացքում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գնացքի գծերի վրա նկատել է մի տղամարդու, ով նստած է եղել ռելսին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ամիրջանյանը երկար ժամանակ ձայնային ազդանշան է արձակել ու այդ ընթացքում էլ փորձել է արգելակել, սակայն փորձը ցույց է տալիս, որ նման հեռավորության վրա անհնար է արգելակել: Քաղաքացին հայտնվել է գնացքի անիվների տակ: Օպերատիվորեն ժամանել է Երևանի Երևանի 1-03 շտապօգնության թիվ 74 բրիգադը, ովքեր արձանագրել են, որ քաղաքացին տեղում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվտանգության, արագ արձագանքման խումբը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, սակայն դեպքի փաստով քննությունը վարելու է քննչական բաժինը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: