
Հանուն մեր նյարդերի – 193
………………..
Ունենք ՓԱԽՉԵԼ, ԹՌՉԵԼ, ԿՈՐՉԵԼ, ԿՊՉԵԼ, ԴԻՊՉԵԼ բայ-եղբայրները: Սրանց «տոհմական նշանը» Չ ածանցն է, բայց որն անցյալ կատարյալում (և ոչ միայն) ընկնում է:
Սկսենք դպրոց-դպրոց խաղալ: 🙂
Նապաստակներն ի՞նչ արեցին: Փախան:
Ագռավներն ի՞նչ արեցին: Թռան:
Ձեռնոցներն ի՞նչ եղան: Կորան:
Թղթերն ի՞նչ եղան: Կպան:
Այո՛: Այո՛: Այո՛: Այո՛:
Էլ ոչ մի փախչեցին ու թռչեցին: Պաշտոնական խոսքում էլ ոչ մի թռնել ու փախնել (խոսակցական լեզվում կպնել-ը լավ էլ տեղավորվել է, նրան հանգիստ թողնենք):
Եվ վերջին հարցը՝ Հայերենը տանջող մարդիկ ի՞նչ արեցին: Պատասխան՝ Դիպան ամենաթույլ տեղիս՝ նյարդերիս:
Բայց մենք չենք ուզում ԴԻՊՉԵԼ նրանց ինքնասիրությանը, պարզապես ասում ենք. «Չ նշանով եղբայրների հետ զգո՜ւյշ վարվեք»: Հանուն հայերենի և մեր նյարդերի:
#Հանուն_մեր_նյարդերի