«Տղային սպանել են, նստեցրել են կոճղին, գնդացրի փողը դրել են ծնոտի տակ». forrights.am
Advertisement 1000 x 90

«Տղային սպանել են, նստեցրել են կոճղին, գնդացրի փողը դրել են ծնոտի տակ». forrights.am

Մայիսի 6-ին, սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի մայրը չի մոռանում որդու կանչը: 4 րոպե 16 վարկյան խոսել է նրա հետ մահից առաջ: Հանկարծ որդին գոռացել է՝ «մա՛մ», և մորը՝ Արմինեին, մինչ օրս թվում է, որ դա հենց այն պահն է եղել, երբ որդու վրա հարձակվել են:

«Բոռաց՝ մամ, հեռացող ձայնով, խշխշոց լսեցի ու ընդհատվեց խոսակցությունը, երկուսիս խոսքը բերանում մնաց: Ահավոր է, որ երեխեն գոռում ա, կանչում ա քեզ, ու դու չես կարող գնալ օգնության»,- վերհիշում է Արմինե Պողոսյանը: Լևոնի մարմնին՝ ամորձիների, որովայնի, սրունքների շրջանում կապտուկներ, արյունազեղումներ և այլ վնասվածքներ էին հայտնաբերվել: Բայց նախաքննությունը մշակել է մի վարկած՝ «ինքնասպանության դրդելը»:

Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածով՝ 110-րդ, մաս առաջին: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտ, Երանոս գյուղի բնակիչ Վոլոդյա Հողիկյանին, որը, իբր՝ հայհոյել է Լևոնին, վերջինս էլ վիրավորանքից ինքն իրեն կրակել է:

«Չեմ հավատում: Էս հարիֆի վրեն ջարդել են»,- համոզված պնդում է կինը: Մայրը զայրույթից չի օգտագործում ինքնասպանություն բառը:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ»

Նա այս շաբաթ մյուս մայրերի հետ մեծ հույսով սպասում էր Փաշինյանի հետ հանդիպման արդյունքին: Արդեն հայտնել ենք, որ զինդատախազության կողմից «ինքնասպան» համարվող 10 զինծառայողների ծնողներ հանդիպում էին պահանջել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նոյեմբերի 22-ին հանդիպումը կայացավ: Ծնողները պահանջել էին վերացնել «ինքնասպանության կեղծ պիտակը» և մահվան դեպքերով արդար դատաքննություն իրականացնել, իսկ Փաշինյանը պատասխանել էր, որ զոհվածների քրեական գործերը հանձնաժողով կստեղծի:

Արմինե Պողոսյանը եկել է եզրակացության, որ այդ հանդիպման ժամանակ չեն անդրադարձել գլխավորին՝ ինչո՞ւ բանակում մթնոլորտը չի փոխվում, ինչո՞ւ սպանությունները չեն կանխվում, այլ ավելանում են:

«Մենք պայքարում ենք հանցագործ կառույցի դեմ: Բանակում երեխեքի զանգվածային սպանդ է տեղի ունենում: Դաժանորեն ծեծում են, սպանում են, զինվորներից սուտ ցուցմունք են վերցնում, գրում են «ինքնասպանություն»: Որդուս գործը ՀՔԾ-ում է, ավագ քննիչ Սաշիկ Ավետիսյանի մոտ: Ես նրան վստահում եմ, բայց նրան չեն թողնելու, որ բացահայտի: Հասկանո՞ւմ եք»:

Արմինեի որդին սիրով է գնացել բանակ: Գնալուց առաջ զինվորական բոլոր կոչումներն անգիր է արել: «Բայց գնաց ու հիասթափվեց»,- նշում է մայրը Forrights-ի հետ զրույցում,- «Ասում էր՝ մամ, սաղ ստեղ ուռած, խմած քնած են, ինչքան դատված, ՉՊ ունեցող, հոգեկան հիվանդ սպա կա, բոլորը «Մեհրաբ» զորամասում են»:

«Մամա ջան, ստեղ բարդ ա»

Լևոնը խախտել է բանակի չգրված օրենքը՝ աղբը տանից դուրս չհանել: Նա հաճախ պատմել է մորը, թե ինչ է կատարվում զորամասի ներսում: Դժգոհել է սպաներից, ձգտել է տեղափոխվել գոնե Արցախ:

«Զանգեց, ասեց՝ ուզում եմ տեղափոխվեմ, դիմում գրեմ, գնամ Ղարաբաղ: Մենք ծանոթ էինք ման գալիս, որ տեղափոխման հարց լուծեինք: Դե, ասում էինք՝ Հայաստանի մեջ ա, լավ կեղնի, ի՞նչ իմանայինք՝ ինչ կեղնի: Երեխես թազա ֆորմա ուներ, չհասցրեց հագնել: Ասեցի՝ Լևոն ջան «պադշիվ» էլ եմ առել, էն, որ կարում են ֆորմի օձիքի տակ, հանում, քցում են, էլ չեն լվանում օձիքները: Ասեց, այ մամ, ի՞նչ «պադշիվ», էնդեղ ո՞վ ա կարում «պադշիվ», որ ես կարեմ»։

Արմինե Պողոսյանը փոխանցեց մեզ իր որդու գանգատները «Մեհրաբի» հրամկազմից. «Ասում էր, մամա ջան, ստեղ «բարդակ» ա: Աֆիցերները սաղ օրը հարբած, ծակված, ընկած են: Երեխես կանգնած ա եղել, մայորը էնքան ա հարբած եղել, որ չի տեսել, որ նա կանգնած է: Ասել է՝ զինվոր, ինչո՞ւ ես նստած: Թափ-թափ եկել է, որ հարձակվի, Լևոնը կանգնած տեղից պատասխանել է. «Ես նստած չեմ»: Ճոճվելով, թողել, նստել է ավտոն, հեռացել է: Տղաս ասում էր՝ մամ, պոստերը մենք ենք պահում, տղերքով, իրանք խմած -ուռած նստած են»:

Կարծում ենք, Պաշտպանության նախարարությունը, կարդալով այս տողերը, ձևական հերքումներ չի տարածի, և ի գիտություն կընդունի հանգուցյալ զինծառայողի գանգատները:

Ամբնողջությամբ՝ forrights.am