
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մտադիր է Մարս մոլորակ տեղափոխվել ու 70%-ով վստահ է, որ կանի դա:
Ինչպես նշում է The Guardian-ը, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավարն այս մասին ասել է իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ:
«Ես գիտեմ՝ ինչ անել: Ես խոսում եմ Մարս տեղափոխվելու մասին: Յոթանասուն տոկոսով վստահ եմ, որ կլինեմ SpaceX հրթիռներով դեպի Մարս թռած ու այն ուսումնասիրած մարդկանցից մեկը»,- ասել է նա:
Մասկը մանրամասնել է, որ նման թռիչքն իրագործելը հնարավոր է առաջիկա յոթ տարվա ընթացքում: Նրա կանխատեսմամբ՝ նման ճամփորդությունների տոմսերը կարող են արժենալ հարյուր հազարավոր դոլարներ:
Միևնույն ժամանակ, Մասկը չի բացառել, որ մարդկանց համար Մարսի վրա մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր կլինի, քան Երկրի վրա:
«Մարս հասնելուց հետո պետք է անդադար աշխատել կայան ստեղծելու ուղղությամբ: Այնտեղ դժվար թե հանգստանալու, հաճույք ստանալու ժամանակ լինի: Այնտեղ շատ դաժան միջավայր է, ու մահանալու հավանականությունը շատ բարձր է»,- ասել է նա:
Աղբյուրը նկատում է, որ 47-ամյա Մասկը նախկինում էլ է խոսել «Կարմիր մոլորակ» տեղափոխվելու ցանկության մասին: