Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ վերջին վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ իր գնահատականն է տվել ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը:
«Գնահատական տալ չեմ կարող, որովհետեւ աշխատանք չեմ տեսել»,- կարճ ու հստակ արտահայտվեց Լալա Մնացականյանը:
Հետաքրքրվելով, թե ՀՀ վաստակավոր արտիստուհին հիասթափություններ ունի՞ հեղափոխությունից հետո Մշակույթի նախարարի նշանակման վերաբերյալ, պատասխանեց.
«Հիասթափվել միշտ կարելի է, հիասթափվում են նրանք, ովքեր ոչինչ չեն անում ու կողքից միայն գնահատականներ են տալիս, բայց գտնում եմ, որ կառավարության աշխատանքից հետո, որը կկայանա արդեն նոր ընտրություններից հետո, կարելի է հասկանալ մեր հույսերն արդարացվա՞ծ են, թե ոչ: Միաժամանակ՝ հասկանում եմ, որ ամեն ինչ փուլ եկած էր եւ այդ ամենի վրա նորը կառուցելը շատ դժվար է, իսկ երբ քանդվում է երկիրը, առաջին հերթին քանդվում է մշակույթը: Կարծում եմ՝ Լիլիթ Մակունցը ոլորտին այնքան էլ չի տիրապետում: Գիտեմ, որ նա բավական կիրթ աղջիկ է, եւ ինձ էլ նա դուր է գալիս իր տեսակով ու կեցվածքով, ուզում է մի լավ բան անել, բայց հաջողության հասնել չի կարող, քանի որ չգիտի, թե ինչպես: Նա մշակութային գործիչներին չհրավիրեց իր մոտ, որ գոնե զրուցի նրանց հետ ու այդպիսով ոլորտին տիրապետի: Մշակութային կապեր ստեղծելը շատ կարեւոր է, նախարարը պետք է իմանա այն ճանապարհները, թե ինչպես եւ ինչ անի, որ իր երկրի մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնի: Մշակույթի նախարար պետք է լինի ոլորտում թրծված, գիտակ մարդ, որպեսզի կարողանա այդ «բեռի» տակից դուրս գա: Նա պետք է թատրոնի «հոտը» զգացած լինի, գուցե կոպիտ հնչի, բայց մեզ պետք է մեկն ով մշակույթի ոլորտում «նահատակ» կլինի, իր վրա կվերցնի բոլոր հոգսերն ու կլուծի դրանք: Ես չեմ նախանձում նրան, ով կզբաղեցնի այդ պաշտոնը, քանի որ անելիք շատ կա»:
Թե ո՞ւմ է տեսնում առաջիկայում Մշակույթի նախարարի պաշտոնում, Լալա Մնացականյանը անուններ չհայտնեց, բայց հավելեց.
«Այդ պաշտոնում կցանկնաայի տեսնել նրան, ով իր էությամբ մշակութային է, բայց նաեւ տիրապետում է մենեջմենթի, կառավարման արվեստին: Նա պետք է լինի շատ սրտացավ ու բանիմաց, նաեւ բիզնեսից գլուխ հանի, որովհետեւ մշակութային գործերը նաեւ «վաճառել» է պետք: Իհարկե, դա անում է ոչ թե Մշակույթի նախարարը, այլ իր թիմակիցները, բայց նախարարը պետք է այնքան գիտակ լինի այս ոլորտին, որ կարողանա նաեւ ճիշտ մարդկանց հավաքել իր շուրջը»:
Լալա Մնացականյանը խոսեց նաեւ ոլորտի առջեւ ծառացած խնդիրներից:
«Խնդիրները շատ են, բայց մի բան հաստատ է, որպեսզի մշակույթի ոլորտը իսկապես ոտքի կանգնի, հարկավոր են շատ մեծ ներդումներ: Մշակույթի գործիչներից շատերն այսօր զբաղված են բարեգործությամբ: Մեր ոլորտը կզարգանա այն ժամանակ, երբ երկիրն էլ ոտքի կանգնի՝ հարստանա: Ինձ համար լավ մշակույթը կայացած երկրի մենաշնորհն է»,- ավարտեց ՀՀ վաստակավոր արտիստուհին: