Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լիդիա Օռլովան, ով այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջները» հեռուստասերիալում:
«Առաջարկը շատ հստակ էր, սցենարիստը դերը գրել էր հենց ինձ համար եւ եթե ես չհամաձայնեի, ապա այդ կերպարն ընդհանրապես կհանվեր: Բայց ես սիրով համաձայնեցի, քանի որ կերպարի տեսակն այնպիսին էր, որը ուզում էի նրան ինքս ներկայացնել. Նա իր մեջ գաղտնիք է պարունակում, նրան բացահայտելու շատ տեղ կա, ինչը ինձ շատ հետաքրքրեց»,- պատմեց Լիդիան:
Հարցին, թե սերիալում իր կերպարը ի՞նչ ներգործություն է ունենալու, պատասխանեց.
«Անկեղծ լինեմ՝ ինքս էլ չգիտեմ, թե սերիալում ինչ փոփոխություններ կլինեն նրա մասնակցությամբ: Ինձ համար տվյալ կերպարը դեռեւս բացահայտված չէ, սցենարիստի համար էլ, կարծում եմ, դեռ լիովին պարզ չէ, թե ինչ զարգացումներ կլինեն այս աղջկա շոււրջ: Մի բան պարզ է՝ նա անցյալից է, իսկ թե ինչու է այնտեղից վերադարձել, չգիտեմ: Աղջիկը, որին մարմնավորում եմ, բացասական տեսակ է, բայց գուցե նրա տեսակը արդարացումներ ունի, չգիտեմ՝ ժամանակը ցույց կտա»:
Խոսելով թիմի մասին՝ Լիդիան պատմեց, որ ստեղծագործական թիմը նրա համար նոր չէր, բայց դերասանական կազմին ծանոթ չի եղել, սակայն դա չի խանգարել նրանց մեջ սահուն ինտեգրվելուն, քանի որ իր խոսքով՝ իրեն սիրով են ընդունել:
Հարցին, թե պատասխանատվությունը մեծանո՞ւմ է, երբ արդեն գործող հեռուստասերիալ է մուտք գործում, դերասանուհին նկատեց.
«Իրականում՝ այդ հարցի շուրջ չեմ մտածել, քանի որ ի տարբերություն առաջին պրոյեկտի, հիմա արդեն ունեի փորձ տեսախցիկի հետ աշխատելու, խաղընկերոջը ճիշտ հասկանալու հետ կապված»:
Լիդիան ընդգծեց՝ մեծ նպատակներ ու ցանկություններ ունի, եւ փորձում է հստակ քայլերով դրանք իրականացնել: Նա առայժմ միայն զբաղված է այս հեռուստասերիալում, նաեւ երբեմն խաղում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: