Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հեղափոխությունը, հետհեղափոխական ընտրություններն առավել ևս սարսափելի ուռճացնում են շարքային մարդու և պետության հարաբերությունները, գլոբալ վերադասավորումների հնարավորության պայմաններում բոլորն իրենց համարում են գործոն ու խիստ նշանակալից գործոն այս մեխանիզմի մեջ, որ կոչվում է երկիր։
Այսպես՝ ամեն մի պռուժին՝ շարժիչ լինելու հայտ է ներկայացնում և ամեն մի շուռուպ միկրոսխեմա լինելու դիրքերից է հանդես գալիս։ Դերերի ու դեմքերի շփոթության ևս մի գործոն՝ իբրև հաշվետվողականության խորհրդանիշ մեկնարկած վարչապետի լայվը ինձ թվում է հակառակ էֆեկտն է տալիս, երբ հանքափորի սմարթֆոնում կենդանի ռեժիմում վարչապետը գերհաշվետու, գերիրական ու գերհասցեական խոսում է հենց քեզ, այ հենց քեզ հետ, ժամանակի ընթացքում քեզ սկսում է թվալ, որ այն քո ալտերէգոն է, քո մյուս չիրացված ամենազոր էգոն։
Բայց չէ՞ որ մարդուն մեծ հաշվով ոչ մի ուրախություն չի բերում այն ահռելի ջանքը, որ նա ծախսում է՝ երևալու համար այնպիսին, ինչպիսին չի հանդիսանում ըստ իր էության։ Երբ մենք ասում ենք երջանիկ անհատ, մենք նախ և առաջ պետք է հասկանանք իր պռուժին լինելու հետ հաշտ, իր պռուժին լինելը կարևորող, բայց և պռուժին կամ ռեսոր լինելու հետ իր անձնական երջանկությունը չասոցացնող մարդ, մարդ, որ ինքն է ընտրում իր ուղին ու չի թողնում ագրեսիվ պռոպգանդան ուռճացված հարահոսի մեջ տանի իր գլուխն անհայտ ուղղությամբ, իր փոքրությունն ու աննշանությունը գիտակցող մարդ, մարդ սովորական, սովորականության մեջ ամբողջական մարդ։
Չէ՞ որ կյանքի հետ մեր հարաբերություններն իսկական են այնքանով, որքանով որ մենք հանդես ենք գալիս աշխարհում մեր իրականում զբաղեցրած դիրքերից և ոչ այն դիրքերից, որ մեզ վերագրված է կամ որ մենք երևակայել ենք»: