«Այն մարդիկ, ովքեր չարախոսում են ու վատ են արձագանքում հորս`Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելուն, պետք է ասեմ, որ նրանք փոքրամասնություն են: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերն ուրախ են այս փաստի առիթով: Վստահ կարող եմ ասել, որ որոշ մարդկանց վատ արձագանքը միայն նախանձի նշան է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արտաշ Ասատրյանը` անդրադառնալով Էջմիածնի փողոցներից մեկն իր հոր` Արամ Ասատրյանի անունով կոչելուն ու դրա շուրջ բարձրացած քննադատությունների ալիքին:
Արտաշի խոսքով` իր հայրն այն մարդն է եղել, ով բազմաթիվ ընտանիքների է ուրախացրել, ամուսնացրել, և չի կարելի նման մարդու մասին վատ կերպ արտահայտվել:
Զրույցի վերջում Արտաշը անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին, Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին:
«Գուսան հայրս ձեր թվարկածներից որևէ մեկին ոչնչով չի զիջում և որևէ մեկից ոչ մի բանով պակաս չէ: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկ չի հասել»: