ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով մի շարք նոր հանգամանքներ են պարզվել: Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ 2018 թվականի հունիսի 15-ին հարուցված այս գործով մինչ օրս հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, կատարվել է, ընդհանուր առմամբ, 72 խուզարկություն և առգրավում:
Նա տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի առաձնատնից առգրավված տարբեր անձնանց և կազմակերպությունների անուններով գրանցված 200 անուն անշարժ գույքի սեփականության վկայականների շուրջ կատարված քննությամբ պարզվել է, որ հիշյալ անշարժ գույքի զգալի մասի ձեռք բերումը կատարվել է օրենքի խախտումներով:
«Այդ կապակցությամբ արդեն իմ կողմից գրություն է հասցեագրվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար: Մնացած գույքի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է»,- ասաց Խաչատրյանը:
Նա հավելեց, որ սույն գործով արգելանք է դրվել 4 մեղադրյալների բանկային հաշիվների վրա, նշանակվել է 12 փորձաքննություն: