
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի ուկրաինական «Վորսկլային»:
Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով փոխվել է հանդիպման վայրը: Նախապես հայտարարված էր, որ խաղը տեղի կունենա Պոլտավայում, սակայն թիմերը կհանդիպեն Կիևում:
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ խաղն անցկացվելու է «Օլիմպիական» մարզադաշտում:
Նման որոշման պատճառ է դարձել վերջին օրերին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև կոնֆլիկտի սրացումը:
Խաղից առաջ «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հետ ներկայացել է նախախաղային մամուլի ասուլիսին:
«Քանի որ ժամանակին հանդես եմ եկել Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», ավելի շատ կարոտել եմ Դոնեցկը: Յուրահատուկ հիշողություններ կան, մանավանդ վերջին մրցաշրջանի ժամանակ, երբ մենք 2:1 հաշվով հաղթեցինք «Դինամոյին», իսկ ես դարձա դուբլի հեղինակ:
Մենք պատրաստ էինք խաղալ Պոլտավայում, իսկ հիմա պատրաստ ենք խաղալ Կիևում: Հասկանում եմ, որ «Վորսկլայի» համար շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել: Նրանք ցանկանում էին խաղալ տանը, այդ պատճառով հիմա մեծ առավելություն են կորցնում»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում tribuna.com-ը:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 21:55-ին: