Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ «Իմ քայլը» դաշինքին ընդդիմություն կարող է լինել ՀՀԿ-ն, քանի որ այսօր խորհրդարանական ընտրություններում պայքարող մյուս ուժերը համագործակցել են Փաշինյանի կառավարության հետ, և ընդդիմություն են միայն այն պատճառով, որ Փաշինյանը չի ցանկացել այլևս նրանց տեսնել կառավարությունում։
«Միակ ուժը, որ չի համագործակցել Փաշինյանի հետ, դա ՀՀԿ-ն է, և, ըստ էության, միայն այն կարող է բռնել ընդդիմության տեղը, որովհետև մնացածը կլինեն «օրինացերկիրներ», այն ֆունկցիան կկատարեն, ինչ որ «Օրինաց երկիրն» էր կատարում տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համար»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ «Իմ քայլի» 80-90 տոկոսանոց ռեյտինգը կարող է զսպել միայն ՀՀԿ-ն, որովհետև մնացած բոլորը ինչ-որ պահի եղել են հեղափոխության մեջ։
Հարցին, թե ՀՀԿ-ն արդյոք կարող է ընդդիմություն լինել այն պարագայում, երբ պատասխան չի տվել նախկինում արածների համար և նրանցից շատերին սպառնում է կոռուպցիոն գործերով ճաղերի հետևում հայտնվելու վտանգը, քաղաքագետը պատասխանեց, որ եթե ՀՀԿ-ականների դեմ կոռուպցիոն գործեր կային, դրանք պետք է մինչ այժմ գոնե հարուցված լինեին։ «Դա ասֆալտին փռելու շոուների կարևոր մասն էր, որը ընտրազանգված կբերեր Նիկոլ Փաշինյանին։ Եթե կային նման դեպքեր, հաստատ պետք էր դա անել»,- շեշտեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ փոխարենն արդեն իսկ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ եղած կոռուպցիան և որ նորերը «արհեստավարժ չեն կոռուպցիայի մեջ»։ Քաղաքագետը նաև անհասկանալի է համարում Փաշինյանի քննադատությունը՝ ուղղված ՀՀԿ-ին բանակի սնունդի հետ կապված․ «Փաշինյանը, փորձելով զսպել ՀՀԿ-ին, ասաց՝ գնացեք կերեք, թե բանակում ինչպիսի ռագու են սարքում։ Կներեք, բայց ինքը արդեն 7-8 ամիս հանրապետության ղեկավարն է։ Ես համոզված եմ, որ զինվորի էտ ռագուն 8 ամիս առաջ չեն եփել, Փաշինյանի իշխանության ժամանակ են եփել»։
Աղասի Ենոքյանը նաև համոզված է, որ ԼՂ խնդրի հետ կապված իրական վտանգ կա այսօր։ «Կարծում եմ՝ ԼՂ շուրջ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնց մենք տեղյակ չենք, և որոնք պետք է շատ արագ անել»,- ասաց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ ամբողջ արտաքին քաղաքականության ձախողում անվանելով Իրանի հետ հնարավոր սահմանի փակման մասին Փաշինյանի հայտարարությունը։
Մանրամասները դիտեք Աղասի Ենոքյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։