Աշոտ Ոսկանյանի գրառումը. «Սասուն Միքայելյանի փաստաբանը չեմ, և կասկած չունեմ, որ ծայրահեղ անհաջող ձևակերպում է թույլ տվել։ Բայց կարծում եմ, որ Արցախյան հերոսամարտի և Թավշյա հեղափոխության միջև հարաբերությունը, այնուամենայնիվ, պարզաբանման կարիք ունի։ Առաջինը պայքար է արտաքին հակառակորդի դեմ, երկրորդը՝ սեփական հասարակությունը ձևափոխելու ճիգ։
Արնոլդ Թոյնբին (ի դեպ, հայասեր) պնդում էր, որ քաղաքակրթյունները համարյա երբեք չեն կործանվում արտաքին մարտահրավերներից։ Նրանք որպես կանոն «ինքնասպան են լինում», քանի որ ազգային էլիտաներն իրենց մեջ ուժ չեն գտնում իրականացնելու սեփական հանրության ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, որի պատճառով ազգային կոլեկտիվն ի վիճակի չի լինում արժանի պատասխան տալ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻՆ։ Այնպես չէ, որ 1988-ի Շարժումըն այդ փորձը չի կատարել։ Բայց այն հաջողությամբ չի պսակվել։
Այլապես, քաղաքական կոնյունկտուրայի բերումով, այդ շարժման վրայից չէր ջնջվի «Հայոց համազգային» անվանումը, վերածվելով պարզ պիտակի՝ ՀՀՇ, իսկ այդ հիրավի համաժողովրդական շարժման էությունը չէր նեղացվի, հանգեցվելով զուտ «արցախյան շարժման»։
Այսօր էլ չենք կարող վստահ լինել, որ թավշյա հեղափոխությունն անպայման կհասնի իր հայտարարած նպատակներին։ Բայց պետք է ամեն ինչ անել նրա հաջողության համար, քանի որ առանց մեր հասարակության ներքին վերափոխման վտանգի տակ կդնենք նաև Արցախը»։