Ի՞նչ իրավունքներ կունենա Վրաստանի նորընտիր նախագահը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ իրավունքներ կունենա Վրաստանի նորընտիր նախագահը

Նոյեմբերի 28-ին, Վրաստանում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որի նախնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող Վրացական երազանք կուսակցության սատարած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Սա վերջին անգամն էր, որ Վրաստանի նախագահն ընտրվեց քաղաքացիների քվեարկությամբ։

6 տարի անց Վրաստանում նախագահ կընտրվի 300 հոգանոց Ընտրական կոլեգիայի կողմից: Այս փոփոխություններն ամրագրված են երկրի նոր Սահմանադրությամբ, որն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի երդմնակալությունից սկսած։

Նոր Սահմանադրությամբ բավականին սահմանափակվում են նախագահի առանց այն էլ սահմանափակ իրավասությունները։

Նախագահը լինելու է․

  • երկրի գլուխը, անկախության և միասնության երաշխավորը,
  • ԶՈւ գերագույն հրամանատարը։

Նախագահն իրավունք կունենա․

  • զբաղվել երկրի արտաքին գործերով,
  • նշանակել Սահմանադրական դատարանի 3 դատավորի,
  • նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ,
  • քաղաքացիություն տալ,
  • առանց Խորհրդարանի համաձայնության ներում շնորհել (չշփոթել համաներման հետ) դատապարտյալների,
  • պատերազմի ժամանակ պիտի ստեղծվի Ազգային պաշտպանական խորհուրդ, որը ղեկավարելու է նախագահը։ Խորհրդի մշտական անդամներն են լինելու նախագահը, վարչապետը, Խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։ Նախագահի որոշմամբ կառավարության կամ Խորհրդարանի այլ անդամներ էլ կարող են հրավիրվել խորհուրդ։ Կառույցը գործելու է մինչև պատերազմական դրության ավարտը։

Իրավունք չի ունենա․

  • խառնվել երկրի ներքին գործերին, կառավարմանը,
  • խաղաղ պայմաններում ունենալ նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ։

georgianreport.info