Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չէ համագործակցել Մոսկվայի հետ: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 29-ին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
«Չեմ կարծում, որ այսօր մենք կարող ենք համագործակցություն ծավալել «…» Մենք Արևմուտք ենք, մենք Եվրոպա ենք, մենք եվրոպամետ ենք: Եթե Արևմուտքը, Եվրոպան կամ ամերիկացի մեր գործընկերներն ինչ-որ ձևով երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ, մենք նույնպես նրանց կողքին կլինենք, կհետևենք նրանց, որպեսզի հարգվեն մեր սկզբունքները, մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:
Զուրաբիշվիլին նշել , որ Մոսկվայի հետ Թբիլիսիի երկխոսությունը պետք է ընթանա Վրաստանի «գործընկերների առաջնորդությամբ և աջակցությամբ»: «Բանակցությունների ընթացքում, որոնք ես վարել եմ Ռուսաստանի հետ (2004-2005 թվականներին լինելով Վրաստանի արտաքին գործերի նախարարը), բանակցությունների յուրաքանչյուր փուլից առաջ և հետո ես խորհրդակցում էի Եվրամիության ղեկավարության և ԱՄՆ-ի դեսպանության հետ: Եվ բանակցությունների երկրորդ կողմը գիտեր այդ մասին և ընդունում էր դա»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նա ընդգծել է, որ չի պատրաստվում լինել պետության անվանական ղեկավար՝ խոստանալով «ամենաակտիվ նախագահը» դառնալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցերում: «Կա երկու ուղղություն, որոնցում նախագահը կարող է շատ ակտիվ լինել: Առաջինը միջազգային քաղաքականությունն է, դա ամրագրված է Սահմանադրության մեջ: Այս վեց տարիները շատ կարևոր են լինելու Վրաստանի համար, որը դեպի ինտեգրացում է շարժվում Եվրոպայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ»,- պարզաբանել է Վրաստանի նորընտիր նախագահը: