Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը թատրոնի դերասանական կազմին հորդորում է համագործակցել իր հետ և պատրաստվում է նրանց հետաքրքիր և բազմաբովանդակ ծրագիր ներկայացնել: Շահվերդյանը նպատակ ունի պահպանել թատրոնի բարի ավանդույթները, բայցև նորարարական լուծումներով բեմադրություններ իրականացնել, որոնք Համազգային թատրոնն առավել գրավիչ կդարձնեն թատերասերների լայն շրջանակի համար:
Այս և այլ հարցերի շուրջ«Արմենպրես»–ի թղթակիցը զրուցել է Սուրեն Շահվերդյանի հետ:
– Պարոն Շահվերդյան, նախ՝ շնորհավորում ենք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Հարցազրույցներից մեկում նշել եք, որ արդեն ունեք առաջիկա աշխատանքների ծրագիր, որը ցանկանում եք ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմին: Ե՞րբ եք պատրաստվում հանդիպել դերասանների հետ:
-Իմ հանդիպումը թատրոնի դերասանական կազմի հետ նախատեսում եմ դեկտեմբերի 4-ին: Հրավիրվելու է մեծ ժողով: Ներկայացնելու եմ ծրագիր, թե ինչպես եմ տեսնում թատրոնի զարգացումը, ապագան, բայց մինչ այդ հավաքում եմ գեղարվեստական խորհուրդ, որում կընդգրկվեն մասնագետներ ոչ Համազգային թատրոնից: Կներգրավվեն հայտնի թատերական գործիչներ, մասնագետներ գրականության, նորաձևության և այլ ոլորտներից, որոնք անմիջական կապ ունեն թատրոնի հետ և լավ գիտեն այն:
Իմ ծրագիրը, որը նախատեսվում է մեկ տարվա համար, ներկայացնելու եմ նաև խորհրդի անդամներին: Նրանք լինելու են դրա պահանջատուն: Մենք հաճախ ենք խոսում ժողովրդավարությունից: Այսպես, ստացվում է, որ ես միանձնյա չեմ կառավարելու թատրոնը, դա անում եմ մի խորհրդի հետ:
-Նշեցիք, որ հայտնի, ականավոր մարդիկ կլինեն խորհրդում… Երեկ թատրոնի դերասանները անընդհատ բարձրաձայնում էին այն փաստը, որ և՛ գեղարվեստական ղեկավար, և՛ թատրոնի տնօրեն նշանակելիս իրենց հետ չեն խորհրդակցել: Խորհրդի անդամներ ընտրելիս ստեղծագործական կազմի կարծիքը հաշվի առնելո՞ւ եք:
-Կարծում եմ, որ կարելի է հաշվի առնել նրանց կարծիքը, բայց խորհրդում այնպիսի մարդիկ են ներկայացվելու, որոնց թատրոնի դերասանները շատ են սիրում: Հանրությանը մոտ ապագայում կներկայացնենք խորհրդի անդամներին: Իհարկե, կքննարկենք ու հաշվի կառնենք դերասանների կարծիքը: Ինձ հետ կարելի է քննարկել ամենաանձնական խնդրից սկսած մինչև մասնագիտական դաշտում ծագած խնդիրները: Այդ առումով շատ բաց եմ, շատ ազատ և շատ հաղորդակցվող:
-Նախկինում Համազգային թատրոնի դերասաններից որևէ մեկի հետ համագործակցե՞լ եք:
-Այո: Ստեփան Ղամբարյանն ընդգրկված է «Տրամվայ «Ցանկություն» բեմադրության մեջ, որը Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում է: Այդ նախագիծը շարունակվելու է: Մենք ընկերներ ենք և երեկվա քննարկումներից հետո հանդիպել ենք: Ես դերասանների հույզերը հասկանում եմ, նրանք ունեն իրենց թեկնածուները, բայց թատրոնի պատմության մեջ դեռևս նախադեպը չի եղել, որ թատերախումբն ընտրի գեղարվեստական ղեկավարին: Հակառակն է եղել. ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարն է ընտրել ստեղծագործական խմբին:
-Դերասանական կազմը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ ցանկանում է պահպանել իրենց թատրոնի դեմքն ու դիմագիծը, գեղագիտությունը, սարգսյանական ոգին, ավանդույթները: Դուք փորձելո՞ւ եք պահպանել այդ ամենը, թե՞ միտված կլինեք նորարարություններին, նոր գաղափարներին:
-Ըստ իս` Սոս Սարգսյանը միշտ կողմ է եղել նորարարություններին: Նա հաճախ էր խոսում այդ մասին և իր բեմադրություններում, դերակատարումներում իր ժամանակի համար նորարար էր ու հետաքրքիր: Եթե այսօր Սոս Սարգսյանն այս թատրոնում լիներ, կամ ես հնարավորություն ունենայի խոսել նրա հետ, վստահ եմ, որ նա կընդուներ այն, ինչ ես կներկայացնեի: Նա տարիներ շարունակ ղեկավարել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, եղել է դրա սյուներից մեկը, և ինստիտուտի բոլոր շրջանավարտները կրում են Սարգսյանի ազդեցությունը: Նրա ավանդը թատերական աշխարհում տարածվում է բոլորի վրա:
Չի կարելի այդ տաղանդավոր, հանճարեղ թատերական գործչի գեղագիտությունը, նրա արածը նեղացնել, սահմանափակել: Չգիտեմ, թե որքանով եմ կարողանում միտքս փոխանցել ձեզ, բայց պետք է կրկնեմ, որ Սոս Սարգսյանն այնքան բազմաշերտ էր, որ նրան սահմանների մեջ դնել պետք չէ: Նա միշտ նշել է, որ թատրոնը պետք է լինի արդիական, ժամանակին համահունչ: Հետևաբար, սահմանափակվել և ասել, որ Սոս Սարգսյանն ուներ այդ տեսակը և վերջ, դա այդ մեծությանը մի փոքր նույնիսկ նեղացնելու միտում է: Նա իսկապես մեծ էր… Շատերը նրան ճանաչում են այն ֆիլմերով, որտեղ Սարգսյանը ոչ միայն իմաստուն հայ տղամարդու կամ պապիկի է մարմնավորում, այլև այլ դերակատարումներով: Այդպիսին է Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ժապավենը: Այդտեղ Սարգսյանը հրաշալի է կերտել Գիբարյանի դերը:
Իմ նպատակը Համազգային թատրոնի շուրջ հանրության ավելի լայն շրջանակներում հետաքրքրություն առաջացնելն է: Իհարկե, ես պահպանելու եմ այն, ինչ թատրոնն ունի. տեսել եմ հետաքրքիր ներկայացումներ, ոճ: Կլինեն տարբեր բեմադրություններ և՛ նախկին ոճով, և՛ գերժամանակակից:
Համազգային թատրոնում բեմադրություններ է անելու ոչ միայն Սուրեն Շահվերդյանը, այլև այլ ռեժիսորներ՝ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից, որոնք իրենց ձեռագիրն ու իրենց տեսակի թատրոնը կհրամցնեն: Թատրոնը չի կարող անընդհատ նույնը լինել, այն պետք է զարգանա նաև արտերկրում ստեղծագործող մարդկանց հետ շփումներով: Միգուցե մեծամիտ հնչի, բայց ցանկանում եմ արտահայտվել: Ինչո՞ւ ես տեղում չեմ դոփում, որովհետև արտերկրում համագործակցում եմ տարբեր թատերախմբի հետ, և նրանք իմ կարիքն ունեն: Փորձի փոխանակումը բերում է համակողմանի զարգացման:
-Պարոն Շահվերդյան, այնուամենայնիվ, թատրոնի ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:
-Երեկ տեղեկացա, որ թատրոնի դերասանական կազմը գործադուլը սկսել է նոյեմբերի 13-ից: Թատրոն է հրավիրվել ռեժիսորի, որը ներկայացում է անում, բայց դերասանները չեն հաճախում փորձերին ու չեն կատարում իրենց պարտականությունները: Դեկտեմբերի 13-ին գործադուլի վերջնաժամկետը կլրանա: Թատրոնում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հարթելու վերաբերյալ մի քանի տարբերակ ունեմ, որոնք քննարկվել են շատ լուրջ մարդկանց հետ, հավանության արժանացել, բայց այս պահին չակերտները չեմ բացի: Ես հորդորում եմ թատրոնի դերասաններին (որոնք, ի դեպ, ինձ հետ կապի մեջ են մտնում և լուծումներ են փնտրում, ինչի համար նրանց շնորհակալ եմ) փորձել լեզու, տարբերակ գտնել և շարունակել աշխատել:
Երեկ ուսումնասիրում էի հաստիքները և տեսա, որ կան շատ դերասաններ, որոնք երեք վայրում են աշխատում, այսինքն, եթե մենք նրանց փոխարինենք այն դերասաններով, որոնք այսօր աշխատանք չունեն, իսկ նրանք շատ են, Համազգայինի դերասանները կաշխատեն մյուս աշխատավայրերում: Կգան նորերը, և կստեղծվի նոր խումբ: Սա ինձ համար ծայրահեղ միջոց է, և ես թատրոնի դերասաններին կրկին հորդորում եմ ինձ հետ աշխատել, քանի որ իմ ծրագիրը հետաքրքիր է, և, կարծում եմ, այն հավանության կարժանանա և՛ դերասանների, և՛ գեղարվեստական խորհրդի կողմից:
-Ի՞նչ կասեք Վիգեն Չալդրանյանի հետ համագործակցության մասին:
-Վիգեն Չալդրանյանն ուղղակի թատրոնի ղեկը հանձնում է ինձ և ասում, որ հավատում է ինձ ու գնում է այն ճանապարհով, որով գնում եմ ես: Նա ցանկանում է` միասին ստեղծենք թատրոն, որը կլինի արժանապատիվ, արժանավայել, հետաքրքիր և հաճախելի:
Չալդրանյանը մի արվեստագետ է, որը հայտնի է աշխարհում և, որը ձայն ունի, որին հարգում են, լսում և սիրում:
… Իմիջայլոց, երեկ խոսել եմ նաև թատրոնի նոր շենքի շինարարներից մեկի հետ, և նա հավաստիացեց, որ խոստացված ժամկետներում շենքը կհանձնվի շահագործման: