Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, չէի շփվի որոշ մարդկանց հետ. Եվա Բաղդասարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, չէի շփվի որոշ մարդկանց հետ. Եվա Բաղդասարյան. life.panorama.am

Դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը, որը վերջերս «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում դարձավ 4-րդ «Վիցցե միսս»-ը, երեկ նշում էր ծննդյան 24-ամյակը: Այդ առիթով Life.panorama.am-ն առաջարկեց նրան պատասխանել մեր տոնական հարցերին, որի շնորհիվ հետաքրքիր մանրամասներ բացահայտեցինք Եվայի մասին:

– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

– Թե որ ամյակս էր, այս պահին չեմ հիշում, բայց փոքր էի՝ հավանաբար 7-8 տարեկան. Այդ տարեդարձիս իմ տորթը միամտորեն ընկավ ձեռքիցս, արդյունքում ստիպված եղանք մոմերը դնել գետնին ընկած ու իր տեսքը կորցրած տորթի վրա ու այդպես փչել տոնական մոմերը: Արդյունքում առանց տորթի ծնունդ ունեցա, որը շատ է տպավորվել իմ մեջ: Բայց հիշարժաններից էր նաև մի քանի տարի առաջ, երբ ընկերուհիս ու իր մայրիկը որոշել էին ինձ անակնկալ մատուցել, գիշերը 12-ին մոտ եկել էին մեր տան մոտ, որպեսզի հենց կեսգիշերին մեր դռան զանգը տային ու ինձ անակնկալ մատուցեին, սակայն ձայներ լսեցի ու 12-ից հինգ րոպե շուտ դուռը բացեցի, արդյունքում անակնկալը փչացավ, բայց հիմա ժպիտով եմ հիշում այդ օրը:

– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

– 17 տարեկանը: Հենց ծննդյանս օրը գնացի առաջին նկարահանման «Հրեշտակների դպրոցում»,  այդ օրվանից սկիզբ դրվեց դերասանուհու կարիերայիս:

– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

– Նման պահեր իմ կյանքում շատ են եղել, բայց երևի նշեմ վերջերս կայացած «Միսս ԱՊՀ» մրցույթը, երբ հայտարարվեց իմ անունը՝ որպես 4-րդ «Վիցցե Միսս»:

– Կինն ու տարիքը հակամարտության մեջ, ձեր մեջ ո՞վ է հաղթում:

– Թեև ընդամենը 24 տարեկան եմ, բայց մտածում եմ մեծանալու մասին, և ինչպես ցանկացած կնոջ, ինձ էլ է տարիքը վախեցնում: Միաժամանակ՝ ես հոգով շատ ավելի երիտասարդ եմ, անգամ մինչև հիմա սիրում եմ մուլտֆիլմեր նայել:

– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:

– Ես չափազանց նվիրվող մարդ եմ: Եթե ես մեկին նվիրվեցի, ապա երբեք նրան չեմ դավաճանի:

– Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:

– Ես խոսում եմ, հետո նոր մտածում: Սա շատ մեծ թերություն է, որը ինձ շատ է խանգարում: Բացի այդ նաև անհամբեր եմ ու այն, ինչ մտածում եմ, ասում եմ մարդու երեսին. Չեմ սիրում մարդկանց հետևից խոսել, գուցե դա լավ է, բայց գիտեմ, որ մարդու դեմքին մտածածդ ասելն էլ երբեմն կարող է նեղացնել նրան:

– Եթե ժամանակը կարողանայիք հետ տալ, ի՞նչը կշտկեիք, կփոխեիք:

– Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, թե անձնական դաշտում, թե  ընկերուհիների իմաստով, չէի  շփվի որոշ մարդկանց հետ, որոնց համար այսօր ափսոսում եմ: Իսկապես, այսօր զղջում եմ, որ ժամանակս անիմաստ եմ ծախսել, գուցե, եթե այդ հարցում իմաստուն լինեի, հիմա ամեն ինչ ավելի լավ լիներ:

– Կյանքն ի՞նչ գույն ունի ձեզ համար:

– Ես փոփոխական մարդ եմ, իմ կյանքում միշտ մեկ գույն չի լինում, հիմա էլ կյանքն ինձ համար կարող է վարդագույնի, մանուշակագույնի երանգի լինել, բայց հանկարծ փոխվել սևի:

– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:

– Նպատակներս շատ են՝ ուզում եմ որպես դերասանուհի, մոդել և ֆոտոմոդել ավելի կայանալ, նոր հաջողություններ գրանցել, բայց նաև շատ եմ կարևորում անձնական դաշտս. Ուզում եմ հաջորդ տարի ծննդյանս օրը նշել այն մարդու կողքին, ով կյանքիս ուղեկիցը կլինի:

life.panorama.am