Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Ստեփան Ղամբարյանը: Նրա հետ խոսել ենք էկրանային դադարի, դերասանական արվեստի, հեռուստատեսային նախագծերի որակի ու առաջարկվող հոնորարների մասին:
-Ստեփան, կարծես թե այս պահին հեռուսատտեսային փոքրիկ դադարի մեջ եք, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Վերջին նախագծիը Հանրային հեռուստաընկերության «Խմբարություն.am» սիթքոմն էր, որտեղ հանդես եկա, այն ինձ համար շատ սյուռ պրոյեկտ էր, և հատկապես ընթացքում շատ սիրեցի: Դրանից հետո այո, եղավ փոքրիկ դադար, բայց այն շուտով կչեղարկվի, քանի որ արդեն իսկ նկարահանվում եմ Հանրայինի նոր նախագծում, որի մասին դեռևս խոսել չեմ կարող: Ինչ վերաբերում է դադարներին, դա շատ բնական ընթացք է, ես չեմ ուզում սպառվել, կարծում եմ՝ դադարները չափազանց անհրաժեշտ են մեր մասնագիտության համար: Ես անգամ կողմ եմ երկարատև դադարներին, որպեսզի որպես դերասան լցվես, հասունացնես քո մեջ նոր լիցքեր: Էլ չասեմ, որ կա հոգնեցնելու վտանգ, պետք է քեզ չզրոյացնես, չէժանացնես:
-Առաջարկ ստանալիս ի՞նչն եք ամենաշատը կարևորում:
-Վերջերս երեք նախագծեր մերժեցի, որովհետև ինձ համար սցենարն անհասակնալի էր, մոտեցումները տարբեր էին, կար ժամանակի խնդիր, ու նաև ֆինանսական մասը կամ ինձ, կամ նրանց հարմար չէր: Այսինքն՝ նշածս կետերն եմ հաշվի առնում հրավեր ստանալիս:
-Ձեզ բարձր վարձատրվող դերասան համարո՞ւմ եք:
-Փորձում և ուզում եմ համարել:
-Մեր դերասաններից հաճախ կարելի է լսել, որ մեր երկրում թե վերաբերմունքի, թե ֆինանասական իմաստով արտիստներին ըստ արժանվույն չեն գնահատում: Համաձա՞յն եք դրա հետ:
-Այո, և այդ հարցում նախևառաջ մենք ենք մեղավոր: Դերասանն ինքը պետք է իր մասնագիտությունը թանկ գնահատի, ինքը պետք է հասնի այն մակարդակի, որ անձամբ որոշի, թե որքան իրեն պետք է վճարեն, իսկ դրա համար ճիշտ ճանապարհ է պետք: Իհարկե, այդ ճանապարհին գումարի անհրաժեշտությունից ստիպված համաձայնում ես, բայց դա էլ գալիս է մեր երկրի խեղճ ու կրակ վիճակից:
-Այսօր հեռուստատեսային սերիալներում և ֆիլմաշարերում որակական փոփոխություն տեսնո՞ւմ եք:
-Որոշ իմաստով՝ այո: Հատկապես ինձ դուր է գալիս Հանրային հեռուստաընկերության աշխատանքը, որոնք գրական ստեղծագործությունների հիման վրա են ֆիլմաշարեր նկարահանում: Չեմ ասի որակապես մեծ աճ կա, բայց ամեն դեպքում կա ձգտում, ինչն արդեն գովելի է:
-Շատ դերասաններ իրենց առջև սկզբունք են դրել՝ այլևս չնկարահանվել երկարատև սերիալներում: Դուք այդ իմաստով ի՞նչ տեսակետ ունեք:
-Ես էլ եմ որոշել այլևս չնկարահանվել երկարատև սերիալնում, որովհետև որպես դերասան սպառվում ես: Գալիս է պահ, որ այլևս չգիտես ինչքան ջուր ծեծես, ինչ խաղաս, ինչ անես, այս պարագայում սպառվելու վտանգը շատ մեծ է:
-Ստեփան, հանրությունը ձեզ սիրում է տեսնել դրամատիկ կերպարներում, իսկ դուք ձեզ, ո՞ր ժանրում եք ավելի լավ զգում:
-Ես սիրում եմ խաղալ կատակերգություններում, որովհետև այդ ժանրն իմն եմ համարում: Բայց չգիտեմ ինչու, ինձ ավելի շատ դրամատիկ կերպարներ են առաջրկում:
-Ամռանը դուք ընկերների հետ միասին բիզնես հիմնեցիք՝ սրճարան, որը կարծես թե դարձել է Երևանի սիրելի ու հետաքրքիր վայրերից մեկը: Որպես բիզնեսմեն՝ արդեն տիրապետո՞ւմ եք բոլոր հմտություններին:
-Այո, այստեղ ևս փորձում ենք արվեստի շունչ մտցնել՝ լավ երաժշտություն, բարձրակարգ երաժիշտներ ու դիջեյներ: Ֆանտաստիկ աուռա է ձևավորվել մեզ մոտ, մեր քաղաքում սա սիրված վայր է դարձել, ինչի համար միայն ուրախ եմ: Շնորհակալ եմ ընկերներիցս, որ միահամուռ հավաքավեցին ու սկիզբ դրեցին այս լավ գործին: