Ներկայացնում ենք հոգեբան Միխայիլ Լաբկովսկու՝ «Ազատությունը հոգեբանական առողջության հարց է» թեմայի շուրջ ուշագրավ դիտարկումները:
Շատերը համոզված են, որ իսկական ընտրության ազատություն չկա, որ կան բաներ, որոնք կարելի է անել, և կան այնպիսիները, որ չի կարելի անել։ Եվ սա օրինապահ լինելու մասին չէ, այլ մարդկանց, ովքեր վստահ են, որ երբեք չեն կարողանա երազանքները կյանքի կոչել, ապրել այնպես, ինչպես ուզում են, և այդ ամենը՝ այն հոգեբանական որոգայթների պատճառով, որ հենց իրենք էլ դնում են իրենց առջև։
Այլոց սպասումները…
Որոշ մարդկանց մոտ դա սկսվում է երեխայի ծննդից։ Տղա էին ուզում, աղջիկ ստացվեց, հույս ունեին, որ ժառանգը գերազանցիկ կլինի, բայց ստացան տիպիկ միջակ, երազում էին, որ դուստրը դաշնամուր կնվագի, իսկ որդին ինչ-որ սպորտային կարգ կստանա, սակայն պարզվեց, որ երեխաները դրան հակված չեն։
Մեզնից շատ բան են սպասում դեռևս մանկությունից սկսած, և նույնիսկ ամենաառաջադեմ ծնողները հաճախ մասամբ չեն գիտակցում, որ շարունակ ինչ-որ բան են պահանջում երեխաներից։
«Դու պետք է այնպիսին լինես, ինչպիսին որ ես ուզում եմ քեզ տեսնել»,- ահա ընդհանուր ուղերձը, որը շատ մարդիկ ստանում են դեռևս դպրոցում։ Դե, իսկ հետո գնում են ինստիտուտ, կարգավորում են անձնական կյանքը, երեխաներ ունենում, բայց հիմքում ոչ թե քո սեփական, այլ ուրիշների սպասումներն արդարացնելն է։
Շատ երեխաների պարզապես չեն սովորեցրել ընտրել։ Մայրիկն է որոշել, թե ինչ հագնեն, ուտեն, ինչ հետաքրքրություններ ընտրեն՝ հաճախ արգելելով բակում խաղալ, փոխարենը՝ գիրք կարդալու ուղարկելով։ Արդյունքում՝ այստեղ 2 սցենար կա. կամ մարդը փորձում է «լավը» դառնալ, համապատասխանել ծնողական հույսերին, կամ բողոքում է այդ դիկտատի դեմ ու նորից ապրում բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես երազել էր միշտ։
Ի՞նչ ենք մենք տեսնում արդյունքում. չսիրված աշխատանք, ընտանիք, որին մարդը պատրաստ չէր։ Նույնիսկ իրենց կյանքի ուղեկիցներին շատերն ընտրում են ոչ թե սրտով, այլ գլխով, ընդ որում՝ ուրիշի, չնայած պատրաստ են երդվել, որ դա այդպես չէ։ Եվ նրանցից նույնպես սկսում են միշտ ինչ-որ բան պահանջել։ Օրինակ, որ կինը, ասենք, շատ խելացի, գիտությամբ զբաղվող կինը նստի տանն ու զբաղվի երեխաների դաստիարակությամբ, այլ ոչ թե իր օրերն անցկացնի լաբորատորիայում, կամ, որ ամուսինը, ով սովորական մենեջեր է, ու նրան ամեն ինչ ձեռք է տալիս, անպայման կարիերա անի ու հարստանա։
Փախուստ…
Մեզնից շատերն ունակ չեն լսել իրենք իրենց։ Մենք կարող էինք ապրել, ինչպես մեզ է դուր գալիս, եթե գոնե մի փոքր պատկերացում ունենայինք այն մասին, թե ինչն է մեր սրտով։ Բայց դրա փոխարեն՝ մենք փոխ ենք առնում ուրիշների երջանկության բանաձևերը։ Եվ պարտադիր չէ ծնողներից, հարմար են նաև ԶԼՄ-ները, մեդիան, գովազդը, շրջապատը։ Ուզում ես հաջողության հասնել ընդհանուրի կողմից ընդունված չափանիշերով կամ գոնե կոլեկտիվից հետ չմնալ, օրինակ, ժամանակին ամուսնանալ, ստանալ ղեկավարի աթոռը, երեխաներ ունենալ և այլն։
Տարօրինակ է, բայց հաճախ մեր ներքին բնույթն ամեն դեպքում գերիշխող է դառնում։ Հոգեբանորեն ընտանիք կազմելու պատրաստ չեղած մարդիկ բաժանվում են այդպիսի պլանային ամուսնությունից հետո որոշակի տարիքի հասնելուն պես կամ սկսում են փախչել։ Նրանց ողջ կյանքը դառնում է ոչ թե երջանկության ու ներդաշնակության մեջ գոյություն, այլ հավերժ էսկապիզմ, այսինքն՝ կամ նրանք իրենց «թաղում են» գործերի մեջ ուղեղն անջատելու ու ոչ մի բանի մասին չմտածելու համար, կամ ընկղմվում են համակարգչային խաղերի, խնջույքների, խմիչքի, շատակերության, ակումբային կյանքի հորձանուտի մեջ։
Մարդկանց գոնե ինչ-որ փոխհատուցում է պետք իրենց իսկ ձեռքով բանտ դարձրած կյանքի համար, և դա նրանք գտնում են կախվածությունների մեջ, հարաբերություններից, շոփինգից, սերիալներից։ Եվ նրանք սովորաբար հենց այդպես էլ ասում են՝ աշխատավայրում գժանոց է, ամուսինս տականք է, կինս՝ կապը կտրած վայրենի, դե, ես էլ գալիս եմ տուն, իսկ այնտեղ ինձ սպասում է սիրելի հեռուստահաղորդումը կամ կիսատ թողած հետաքրքիր վեպը, իսկ դա փոքրիկ սփոփանք է։
Ապրել առանց կոմպրոմիսների…
Նրանց համար, ովքեր մանկությունից գոյատևել են անազատության մեջ, կյանքն ամբողջովին բաղկացած է կոմպրոմիսներից։ Նրանք միշտ պատրաստ են հակադարձել՝ ի՞նչ ազատություն, բա պատասխանատվությո՞ւնը։ Ես ընտանիք, երեխաներ ունեմ, պետք է վճարել կոմունալ վարձերը, և այլն, և այլն։ Եվ դա նրանց բացատրությունն է այն բանի համար, թե ինչու են նրանք արդեն որերորդ տարին զբաղվում չսիրած գործով ու ապագայի համար կազմում նույնպիսի անհետաքրքիր պլաններ։
Լավ նորությունն այն է, որ դրան կարելի է վերջ տալ, ընդ որում, ոչ թե երբևէ, հետո, այլ հենց հիմա։
Շատերն ինձ հարցնում են, թե ինչ անեն, եթե չեն ուզում աշխատանքի գնալ, ինչին ես պատասխանում եմ, որ, եթե այսօր չեն ուզում գնալ, թող չգնան, եթե վաղն էլ չեն ուզում գնալ, թող մնան տանը, ոչինչ չի լինի։ Բայց եթե արդեն մի ամբողջ շաբաթ ցնորվում է աշխատանքի գնալու մասին մտքից սոսկ, ապա պետք է մտածել՝ իսկ ընդհանրապես իմաստ ունի՞ այլևս այդ աշխատանքին գնալը։
Կարևոր է հասկանալ, որ այն կյանքը, ուր ձեզ համար ամեն ինչ հաճելի է, աշխատանքը լավն է, տանը ներդաշնակություն է տիրում, լրիվ իրատեսական է, ավելին, այն ձեզնից կպահանջի ավելի քիչ ուժեր ու ծախսեր, քան այն կյանքը, որով այսօր եք ապրում։ Երբ դուք անում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս, դուք ընդհանրապես չեք հոգնում։ Գործունեության այսպիսի տեսակը ձեզնից ուժեր չի խլում, այլ ընդհակառակը, էներգիա է տալիս։ Իրերի այսպիսի դասավորվածության դեպքում դուք ավելի շատ բանի կհասնեք փողի ու կարգավիճակի հարցում, քանի որ դուք ձեր տեղում կլինեք, կապրեք ձեր իրական կյանքով, այլ ոչ թե կսպասարկեք ուրիշների սպասումները։
Ճանապարհ դեպի ազատություն…
Իրականում սոսկ սովորության հարց է՝ անել այն, ինչ դուր է գալիս, զբաղվել այն բանով, ինչը հաճույք է պատճառում, քեզ շրջապատել մարդկանցով, ում հետ քեզ իսկապես լավ ես զգում, ընդ որում, միշտ, ոչ թե ժամանակ առ ժամանակ։ Ինչպես հայտնի է, սովորությունը ձևավորվում է 21-րդ օրը, բայց եթե դուք մանկությունից սովոր չեք ազատության, ապա պետք է լուրջ ջանքեր գործադրեք։
Դուք պիտի գնաք դիմադրության ճանապարհով, ձեր հոգեկան վիճակը կարգելակի, կխնդրի ձեզ վերադառնալ սովոր սցենարին։ Բայց դա լավ ցուցանիշ է։ Եթե ավելի բարդանում է, քան առաջ էր, նշանակում է՝ փոփոխությունները կայացած են, հին նեյրոնային կապերը քանդվում են, իսկ դրանց տեղում նորերն են առաջանում։
Ազատությունը փիլիսոփայական հարց չէ։ Դա հոգեբանական առողջության ու բարեկեցության հարց է։ Մարդիկ, ովքեր ապրում են այնպես, ինչպես իրենց դուր է գալիս, այս աշխարհի հետ կոնֆլիկտների մեջ չեն մտնում, չեն մարտնչում իրենց հետաքրքրությունների համար, չեն պատերազմում բոլորի հետ անխտիր, ու, առավել ևս, հաշտ են իրենք իրենց հետ։ Նրանք պարզապես երջանիկ են ապրում։ Նրանց բարդույթները հեռանում են, ներքին հակասությունները՝ լուծվում։ Ամեն ինչ հարթ ու հասկանալի է դառնում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը